07/12/2016 20:35
Հետագայում, երբ ստուգում էին շենքերի վթարայնությունը, կատակով հարցնում էին՝ երկրաշարժից հետո՞ կառուցված շենք է. Անահիտ Քոչարյանը՝ երկրաշարժի մասին
Արդեն 28 տարի դեկտեմբերի 7-ին ամեն մի հայի հիշողությունը դեպի անցյալ է տանում. 1988 թվական, ժամը 11:41 րոպե: 30 վայրկյան տևողությամբ ժաժքը, պաշտոնական տվյալներով, 25 հազար մարդու կյանք խլեց, 100 հազարին հաշմանդամ դարձրեց, 500 ընտանիքի անօթևան թողեց: Լենինականի շինությունների 80 տոկոսը հողին հավասարվեց՝ քաղաքին տալով աղետի գոտի բնութագիրը:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում այդ տարիների գեղարվեստական գեղավար Խորեն Աբրահամյանի հրավիրած ժողովը շատերի կյանքը խնայեց:
«Սումգայիթի դեպքերն էին եղել, ու թատրոնում ժողով էր հրավիրվել՝ քննարկելու, թե ինչպե՞ս կարող ենք օգտակար լինել փախստականներին: Երկու դերասանուհիներ, դաշնակահարուհին, գրական մասի վարիչը ժողովին չէին եկել ու այդ օրն իրենց տներում զոհվեցին: Այս ժողովն ու այս թատրոնը մեր կյանքը փրկեց… Առաջին անգամ զգացի, թե ինչ ահռելի մեծություն ունի մեր թատրոնի շենքը: Հսկա մի տարածք, որը քանդվելու դեպքում մեզ ոչ մի փրկություն չէր լինի: Հետագայում, երբ ստուգում էին շենքերի վթարայնությունը, կատակով հարցնում էին՝ երկրաշարժից հետո՞ կառուցված շենք է: Նույնիսկ հանդիպել եմ շինարարներից մեկին, ու հիմա էլ ուզում եմ խոնարհվել, որ այդքան խղճով են կառուցել այդ շենքը»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհի, ժողովրդական արտիստուհի Անահիտ Քոչարյանն, ում շատերը հիշում են նաև «Ուրախ ավտոբուս» գեղարվեստական ֆիլմից՝ Սաթենիկի կերպարով:
Չնայած դերասանուհու բնակարանը գտնվող էր վթարային շենքում, սակայն, ի զարմանս նրա, հենց այդ շենքը կանգնուն էր մնացել:
«Մինչև երկրաշարժը մեզ ասում էին, որ վթարային է, բայց այն մինչ այսօր էլ կանգնած է: Իհարկե, ներսում ավերածություններ եղել էին, պահարաններն էին շրջվել, «շիլա-շփոթ» էր ստեղծվել, բայց չէր քանդվել: Երեխաներս՝ տղաս և դուստրս, այդ պահին տանն են եղել, բայց, փառք Աստծո, չեն վնասվել… Ճիշտ է, հարազատների կորուստ չեմ ունեցել, սակայն դա ցավը չի մեղմել: Փոքր քաղաք է, բոլորս միմյանց ճանաչում էինք, ընկերներ ու հարևաններ էինք»,-ընդգծեց նա:
Հայաստանի երկրորդ քաղաքում այդ օրերին ողբերգական պատմությունների պակաս չկար: Անահիտ Քոչարյանն այդ պատմությունների ականատեսն է եղել ու մինչ այսօր զարմացած է Գյումրու ու գյումրեցու ուժի վրա: Այն, ինչ տեսնում են աչքերն ու զգում՝ հոգին, երբեք չի սպիանում: Տարիներն այդ ապրումները գուցե փոքր-ինչ մեղմացնում են, բայց միևնույն է, վերքը սպի դառնում է միայն հաջորդող սերունդների մոտ:
«Հնարավոր չի մոռանալ այդ պահը: Այնպիսի արհավիրք էր, որ ժամանակը ոչ մի կերպ չի մեղմում: Մեր ամբողջ կյանքում այդ հիշողությունն ու ապրումները մեզ հետ են լինելու: Հարևանուհուս մայրը, հղի քույրն ու երկու լույս երեխաներն այդ օրը զոհվեցին: Քույրը ծնողների տուն էր գնացել, իր երեխաները՝ տատիկ-պապիկի: Հարևանուհիս ու ամուսինը միայնակ մնացին: Երևի այդ ապրումների հետևանքով քաղցկեղով հիվանդացավ… Երկրաշարժից մեկ տարի անց՝ 1990 թվականի Ամանորին, նրա հիմնարկում քննարկել էին՝ տոնածառ դնե՞լ, թե՞ ոչ: Մտածում էին, որ բոլորի վերքերը թարմ են, անօթևաններ կան: Հարևանուհիս ոտքի է կանգնում ու հայտարարում. «Տոնածառ պետք է դնել. մեր էրեխեքը գնացին, բայց այն երեխաներն, ովքեր այսօր այս քաղաքում են ապրում, ինչո՞ւ պետք է ուրախություն չտեսնեն»: Ու դրվեց տոնածառ… Նրա պես լավատես, ուժեղ կին չեմ տեսել: Երբ դժվար պահեր եմ ունենում, իրեն եմ մտաբերում: Հիշում եմ, թե ինչերի միջով անցավ ու ինչպե՞ս կարողացավ այդ ամենը հաղթահարել»,-գրեթե արտասվելով՝ մտաբերեց գյումրեցի դերասանուհին:
Երկրաշարժից հետո Գյումրու թատրոնը ժամանակավորապես տեղափոխվեց Երևան: Լենինականցին ո՛չ հավես, ո՛չ ժամանակ, ո՛չ էլ ցանկություն ուներ՝ օրը լցնել հոգևոր սնունդով:
«Այդ ընթացքում հնարավոր չէր այնտեղ ներկայացումներ բեմադրել: Աստված չանի՝ որևէ մեկը տեսնի կամ պատկերացնի այդ օրերը: Քաղաքում անթիվ դագաղներ էին, անթաղ դիակներ: Մարդիկ երկար ժամանակ նույնիսկ չէին համարձակվում իրենց տները մտնել: Մենք 3-րդ հարկում էինք ապրում, բայց զգացած սարսափը թույլ չէր տալիս տուն մտնել: Մինչ այսօր էլ, երբ բարձրահարկ շենք պետք է մտնեմ, այդ սարսուռը կա… Գյումրի վերադարձանք մեկ տարի հետո՝ Շեքսպիրի՝ «Սիրո ապարդյուն ճիգերը» ներկայացմամբ, որը բեմադրել էր Հակոբ Ղազանչյանը: Գեղեցիկ, լուսավոր, երաժշտությամբ հագեցված ներկայացում էր: Որոշել էինք՝ չպետք է լացենք ու տխրենք, այլ պետք է պայծառ ու գունեղ կատակերգություն խաղանք: Չգիտեինք՝ հանդիսատես կլինի՞, թե՞ ոչ: Չեք պատկերացնի, բայց վարագույրը բացվեց ու մենք տեսանք լեփ-լեցուն դահլիճ: Գյումրեցին չկտրվեց թատրոնից: Նույնն էլ այսօր՝ արտագաղթ է, քաղաքներում ու գյուղերում դատարկություն, բայց միևնույն է, թատրոնը գործում է»,-ասաց նա:
ՀՀ Ժողովրդական արտիստուհին ցավով նկատեց՝ մարդիկ, ովքեր պետք է հետևություններ անեին ու դասեր քաղեին աղետաբեր 88-ից, չեն անում: Գյումրիում նորից անորակ շենքեր են կառուցվում: Ագահ ու անկուշտ մարդն այդպես էլ մնում է:
Թվում էր՝ ընտանեկան ողբերգություններն այլևս ապրելու ուժ չեն թողնի, կողակիցներին կորցնողները նոր ընտանիքներ չեն կազմի: Բայց, ինչպես ասում են՝ ո՞վ ավելի լավ կդարմանի այն ցավը, եթե ոչ նա, ով այդ ամենն ապրել ու վերապրել է:
«Շատ ամուսնություններ եղան երկրաշարժից հետո: Կին, ամուսին կորցրած մարդիկ հանդիպում ու շուտ ամուսնանում էին: Լինում էին դժգոհողներ, թե ինչպե՞ս կարելի է, չէ՞ որ ընտանիք են կորցրել... Բայց ես միշտ ասում էի՝ մեր ազգը եղեռն է ապրել, բայց այդ ամենից հետո մարդիկ միավորվել, ընտանիք են կազմել: Այդ ժամանակ էլ իրավիճակը նույնն էր, նման էին ճակատագրերը: Պետք է ապրել»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Անահիտ Քոչարյանը: