07/12/2016 15:51
Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները` Խաչատրյանի տանը
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հանդես է գալիս ևս մեկ հետաքրքիր նախաձեռնությամբ: Դեկտեմբերի 22-ին ժամը 19:00 ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հովանու ներքո մշակութային օջախում կանցկացվի Ռիխարդ Շտրաուսին նվիրված երեկո:
«Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը և Խաչատրյանի անվան տրիոն DVV International-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ այս տարի ներկայացրին մի նոր նախագիծ, որի անդրանիկ երեկոն հունիսին տեղի է ունեցել թանգարանում: Այս նախագծի անունն է «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները` Խաչատրյանի տանը»: Առաջին երեկոն նվիրված էր Յոհաննես Բրամսին և նրան նվիրված թանգարաններին: Երեկոյի ընթացքում Խաչատրյանի անվան տրիոյի երաժիշտները, ինչպես նաև ալտահար Մաքսիմ Նովիկովը և երգչուհի Աննա Մայիլյանը ներկայացրին Բրամսի կամերային ստեղծագործությունները: Բացի այդ, երեկոյի ընթացքում երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը ներկայացրեց Բրամսի կենսագրությունը, պատմեց թանգարանների գործունեության մասին: Այս միջոցառումը շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց: Մենք փորձեցինք այն դարձնել շարունակական»,-նշել է տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:
«Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները` Խաչատրյանի տանը» նախագծի շրջանակում դեկտեմբերի 22-ին նմանատիպ երեկո կանցկացվի, որը կնվիրվի Ռիխարդ Շտրաուսին, Գերմանիայում նրա թանգարանին, ինչպես նաև նրա կամերային ստեղծագործություններին:
«Դիմեցինք ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությանը, որն աջակցեց մեզ նախագիծն իրականացնելու հարցում: Համերգային երեկոյի ընթացքում մեզ կմիանա ալտահար Մաքսիմ Նովիկովը, կկատարենք Շտրաուսի ստեղծագործություններից: Մենք կապվել ենք Գերմանիայում Շտրաուսի թանգարանի տնօրինության հետ, նրանք մեզ ուղարկելու են նյութեր` սլայդշոու պատրաստելու համար: Դեռևս հնարավորություն չկա, որ Գերմանիայի թանգարաններից ներկայացուցիչ հրավիրենք Հայաստան: Հուսով ենք, որ ծրագիրը շարունակական կդառնա, և մենք ապագայում կկարողանանք թանգարաններից ներկայացուցիչներ հյուրընկալել»,- ասել է Արմինե Գրիգորյանը:
Տուն-թանգարանի տնօրենը շեշտում է, որ Գերմանիան երաժշտական աշխարհին է նվիրել բազմաթիվ մեծ կոմպոզիտորներ և գլուխգործոցներ: Հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ հայաստանյան թանգարանն անդրադարձ է կատարում գերմանական երաժշտական կառույցներին: Խաչատրյանի տուն-թանգարանում նախատեսում են հետագայում անդրադառնալ նաև այլ երկրների թանգարաններին: Իսկ հաջորդ տարի, Արմինե Գրիգորյանի փոխանցմամբ, ցանկություն կա կազմակերպել Լյուդվիգ վան Բեթհովենին նվիրված նմանատիպ երեկո:
Արմինե Գրիգորյանը վստահ է, որ նման ծրագրի շնորհիվ Խաչատրյանի տուն-թանգարանն առավել ճանաչելի է դառնում Գերմանիայի տարբեր թանգարաններում: