08/12/2016 23:04
Լավրովը, Քերրին ու Էրոն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ են արել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ
ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների արտաքին գործերի նախարարները Համբուրգում կայացած հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել։
«Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներս, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն, լիովին հավատարիմ ենք բանակցային ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ ...Մենք մտահոգություն ենք հայտնում շարունակվող զինված միջադեպերի համար, այդ թվում նաև ծանր սպառազինության կիրառմամբ և դատապարտում ենք ուժի կիրառումը», - մասնավորապես ասված է հայտարարության մեջ։
Ըստ դրա, ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում։
«Մեզ նաև հայտնի է ապրիլին մարտադաշտում կատարված գազանությունների մասին, որոնց մենք դատապարտում ենք ամենավճռական ձևով», - նշել են արտգործնախարարները։
Նրանք կոչ են արել կողմերին հավատարիմ մնալ հրադադարի մասին 1994-1995 թթ. համաձայնագրերին, «որոնք հանդիսանում են հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման հիմքը», նաև հարգել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները։
«Մենք կողմերին կոչ ենք անում վերացնել խոչընդոտները, որոնք առկա են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման ճանապարհին, առաջընթաց գրանցել միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման առաջարկի հարցում։ Առաջարկները պետք է իրագործվեն կարգավորման վերաբերյալ բանակցությունների անհապաղ վերսկսման հետ համատեղ», - նշել են ԵԱՀԿ ՄԽ երկրների արտգործնախարարները։
Նրանք կոչ են արել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, քանի որ հակառակ պարագայում բռնությունների վերսկսման հեռանկարները կաճեն։
Հայտարարության մեջ նաև նշված է, որ կարգավորումը պետք է հենվի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա. ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում, ինչպես նաև հավելյալ տարրերի, այն է. ԼՂ հարակից տարածքների վերադարձ, ԼՂ համար միջանկյալ կարգավիճակ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցք, իրավականորեն պարտավորեցնող ուժ ունեցող կամարտահայտման միջոցով ԼՂ կարգավիճակի ապագա վերջնական հստակեցում, փախստականների ու ներքին տեղահանվածների համար վերադառնալու իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ։
«Համանախագահող երկրները պատրաստ են անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում, երբ նրանք պատրաստ կլինեն դրան։ Մենք համոզված ենք, որ նախագահները պետք է առաջին իսկ հնարավորության դեպքում բանակցություններ վարեն», - մասնավորապես նշված է հայտարարությունում։