08/12/2016 14:38
Արևիկ Ալավերդյան-Շահբազյանի ամանորյա երազանքն իրականացավ. Ծնվել է երգչուհու որդին
Նախորդ տարի Ամանորի նախաշեմին Aysor.am-ի հետ զրույցում երգչուհի Արևիկ Ալավերդյան-Շահբազյանը խոստովանել էր՝ երազում է, որ Աստված իրենց այս տարի զավակ պարգևի ու ընտանիքը լիարժեք դառնա: Ինչպես ասում են, ամանորյա հրաշքներն իրականություն են, երազանքներն իրականանում են. 2016 թվականի դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայում լույս աշխարհ եկավ երգչուհու և Հայկ Շահբազյանի առաջնեկը՝ Դավիթ Շահբազյանը:
«Տղաս ծնվել է 3 կգ քաշով և 48 սմ հասակով: Փառք Աստծո, ես և փոքրիկս հրաշալի ենք զգում մեզ: Ի սկզբանե գիտեինք, որ որդի ենք ունենալու և անունն ամուսնուս հետ միասին ենք ընտրել: Այժմ ամուսնուս հետ խնամում ենք մեր հրաշքին»,- Aysor.am-ի հետ զրույցում հուզմունքով և ուրախությամբ նշեց նորաթուխ մայրիկը:
Անդրանիկ զավակին առաջին անգամ տեսնելու և գրկելու զգացողություններն աննկարագրելի են, Արևիկ Շահբազյանն ամեն վայրկյան հիշում է մեկօրյա վաղեմության հրաշք պահերը.
«Անբացատրելի ապրումներ էին, երբ ես ու ամուսինս առաջին անգամ նրան տեսանք ու գրկեցինք: Անսահման հուզված էինք ու երջանիկ»:
Նորաթուխ ծնողների կողքին Հայկ Շահբազյանի ընտանիքի անդամներն են, նաև՝ ընկերները:
«Որպես նորաթուխ մայրիկ՝ ընկերուհիներս ամեն կերպ ինձ օգնում են: Հուսով եմ, որոշ ժամանակ անց մայրս էլ կգա Փարիզ ու մեր կողքին կլինի: Ինչ վերաբերում է մեր տղայի խնամքին, այդ հաճելի գործը ես և ամուսինս կանենք: Իհարկե, դժվար կլինի, քանի որ անփորձ ենք, բայց արագ հունի մեջ կընկնենք»,-վստահեցրեց Արևիկը:
Ի դեպ, մանկասենյակն արդեն պատրաստ է ընդունել իր փոքրիկ բնակչին: Հարցին, թե արդյոք ավանդույթի համաձայն մտերիմներն անակնկալներ մատուցել են նորաթուխ մայրիկին, պատասխանեց.
«Կարծում եմ՝ անակնկալներ դեռ շատ կլինեն: Փառք Աստծո, մեր կողքին շատ են մտերիմ ու հավատարիմ մարդիկ, ովքեր մեզ համար ուրախ են ու միշտ կաջակցեն: Չէ՞ որ բոլորը սպասում էին մեր հրաշքի լույս աշխարհ գալուն»:
Ամուսիններին առաջինը շնորհավորել են ծնողները: Աչքներդ լույս լինի, առողջ բալիկ լինի՝ մաղթանքն արդեն երկու օր է՝ հնչում է:
«Շատ զանգեր, հաղորդագրություններ ենք ստացել, այցելություններ են եղել: Ինքս դեռ չեմ կարողացել բոլոր հաղորդագրություններին պատասխանել, շնորհակալություն հայտնել, քանի որ փոքրիկովս եմ զբաղված ու ֆիզիկապես չեմ հասցնում: Բայց բոլորի հետ ամուսինս կապի մեջ է»,-ժպիտով ընդգծեց մեր զրուցակիցը:
Փոքրիկ Դավիթ Շահբազյանը, մայրիկի վստահեցմամբ, ծնողների հետ հայրենիք կայցելի ամռանը:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Արևիկ և Հայկ Շահբազյաններին՝ անհոգ ու գեղեցիկ մանկություն մաղթելով նորածին Դավիթին: