08/12/2016 14:18
Ցանկանում եմ Աստծո կամքով արժանանալ տատիկ կոչվելու բարձր տիտղոսին. Շաքե Թուխմանյան
ՀՀ վաստակավոր արտիստուհի Շաքե Թուխմանյանն օրերս նշում էր ծննդյան 65-ամյակը: Հոբելյանական երեկոն դերասանուհին անցկացրել է ընտանիքի անդամների բացակայությամբ: Դրա մեղավորը միայն նրանց բաժանող տարածությունն էր. ամուսինը՝ Ժան Նշանյանը, որդին՝ Արման Նշանյանն ու նրա կինը՝ Վիկան, Հայաստանում են, հոբելյարը՝ ԱՄՆ-ում:
«Ցավոք, հարգելի պատճառներով ընտանիքս հիմա գտնվում է Երևանում: Ես էլ երեկոս անցկացրել եմ գողտրիկ մի ռեստորանում՝ մտերիմ ընկերուհիներիս հետ, ովքեր ինձ համար շատ թանկ ու կարևոր են»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Շ. Թուխմանյանը:
Դերասանուհին Հայաստանից ոչ միայն շնորհավորանքներ, այլև՝ անակնկալներ է ստացել: Լավագույն անակնկալը որդու նորաստեղծ ընտանիքից էր:
«Զավակներիցս՝ Արմանից և Վիկայից, ստացա աշխարհի ամենագեղեցիկ ծաղկեփունջը: Տարբեր երկրներից, այդ թվում և Հայաստանից, շատ շնորհավորանքներ եմ ստացել, գեղեցիկ նվերներ: Եթե չեմ սխալվում, հոբելյանական տարիքում մի ամբողջ տարի նշում են ծննդյան օրը: Վստահ եմ՝ դեռ շատ նվերներ կստանամ»,-ընդգծեց նա:
Հարցին՝ թվերի ավելացումը որքանո՞վ է անհանգստացնում մշտապես խնամված ու կանացի դերասանուհուն, և, ի վերջո, ո՞րն է նրա երիատասարդության գաղտնիքը, ժպիտով պատասխանեց.
«Ինձ համար դա ընդամենը թիվ է, ես ինձ բոլորովին էլ 65 տարեկան չեմ զգում: Ուժն ու եռանդն իմ մեջ չի պակասել, ընդհակառակը, դրան ավելացել է կյանքի փորձն ու իմաստությունը: Ինչ վերաբերվում է գաղտնիքին, պետք է Աստծուն հարցնել. նա է ինձ այդպիսին ստեղծել»:
65 ծննդյան տարեդարձերից ամենատպավորիչը նրա համար 60-րդն էր:
«Մինչ այդ ծննդյանս տարեդարձերից ոչ մեկը մեծ շուքով չեմ նշել, քանի որ չեմ սիրել նշել ու նշանակություն տալ դրանց: Սակայն, չգիտես ինչու, 60-ամյակս ցանկացա տոնել: Հարազատներով ու ընկերներով մի գեղեցիկ սրահում ուրախացանք: Պաստառի վրա առանձնացվել էին հատվածներ իմ խաղացած բոլոր ներկայացումներից, արվեստագետ ընկերներս էլ շնորհավորական խոսքեր հղեցին: Պարզ, բայց ուրախ երեկո էր ստացվել»,-վերհիշեց օրվա հերոսուհին:
Այս տարվանից մեր զրուցակիցը շատ սպասելիքներ ունի: Ինչպես նկատեց, ժամանակն արագ է թռչում և պետք է հնարավորիս շատ աշխատել ու ստեղծագործել: Կարևորում է նաև հոբելյանական ներկայացման իրագործումը:
Ինչ վերաբերում է ներկայիս ստեղծագործական զբաղվածությանը, Շ. Թուխմանյանը մի շարք առաջարկներ ունի, բայց ամեն ինչ կախված է ժամանակից:
« «Հին արքաներ» նախագծից հետո մի քանի ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացա, սակայն փակագծեր դեռևս չեմ կարող բացել, քանի որ հստակեցված չեն: Հատկապես, որ Հայաստանում ամեն ինչ փոխվում է ժամ առ ժամ»:
Ի դեպ, ՀՀ վաստակավոր արտիստուհու ամենամեծ երազանքն ու ինքն իրեն ուղղած ամենամեծ մաղթանքը մեկն է. Աստծո կամքով արժանանալ տատիկ կոչվելու բարձր տիտղոսին:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Շաքե Թուխմանյանին՝ մաղթելով նպատակների ու ցանկությունների իրականացում: