09/12/2016 13:38
Քըրք Դուգլաս՝ մոլորակի ամենածեր դերասանն ու բլոգերը
Քըրք Դուգլասը մոլորակի ամենածեր դերասանն է: Հոլիվուդյան աստղն այսօր տոնում է ծննդյան 100-րդ տարեդարձը, հայտնում է KP.ru-ն:
Քըրք Դուգլասը ծնվել է Նյու Յորքում՝ Ռուսաստանից գաղթած հրեա Հերշել Դանիելովիչի ընտանիքում: Ծնողներն ապագա կինոաստղին տվել են Իսուր անունը: Տղան դեռ մանկուց երազում էր դերասանական կարիերայի մասին, սակայն այն ժամանակ հրեական ազգանունով դա, գրեթե, անհնարին էր: Ուստի՝ կինոստուդիաների առաջարկով նա անվանափոխվել է՝ վերցնելով Քըրք Դուգլաս հնչեղ կեղծանունը:
Բարետես արտաքինով, ամրակազմ երիտասարդն իր առաջին դերը ստացել է «Մարթա Այվերսի տարօրինակ սերը» (1946թ.) դրամայում, մինչդեռ առաջին գլխավոր դերը Դուգլասը խաղացել է «Չեմպիոնը» ֆիլմում: Այդ դերի համար նա ներկայացվել է հեղինակավոր «Օսկար» մրցանակի: Ընդհանուր առմամբ, Դուգլասը 3 անգամ ներկայացվել է «Օսկար»-ի, սակայն մեկ անգամ է արժանացել բաղձալի մրցանակին՝ կինոոլորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:
1950-ականներին Դուգլասն իսկական կինոաստղ էր ու նկարահանվում էր այն ժամանակների լավագույն ռեժիսորների նախագծերում: Նրա լավագույն դերերից մեկն է համարվում համանուն ֆիլմում Սպարտակի կերպարի մարմնավորումը:
Դուգլասի որդին՝ 1944 թվականին ծնված պրոդյուսեր և դերասան Մայքլ Դուգլասը, շարունակել է հոր ուղին, սակայն փառքով ու ճանաչմամբ չի գերազանցել նրան: Կաթված տարած Դուգլաս ավագն այս տարիքում գրում է հուշագրեր ու վեպեր, ինչպես նաև վարում է ինտերնետ-բլոգ: Ի դեպ, 94 տարեկանում նա ճանաչվել է աշխարհի ամենատարեց բլոգերը: