09/12/2016 19:52
«Սահմանին» սերիալն անդրադառնալու է ապրիլյան պատերազմին. Մանրամասնում է սցենարիստը
Թեև տպավորություն էր, թե «Շանթ» հեռուստաընկերության «Սահմանին» սերիալը եզրափակվել է, սակայն պարզվում է, որ արդեն երկու օր է՝ ընթանում են սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները: Եթերաշրջանների միջև ընկած երկարատև ընդմիջումը պայմանավորված է նրանով, որ ստեղծագործական խումբը փորձում է էլ առավել հետաքրքրաշարժ և պրոֆեսիոնալ աշխատանք ներկայացնել:
«Այս անգամ սցենարական և ռեժիսորական նոր լուծումներ ենք առաջարկում: Այս եթերաշրջանում բավականին լուրջ անդրադարձ է լինելու նաև ապրիլյան դեպքերին: «Սահմանինի» դերակատարներին և նրանց հերոսներին միանալու են նաև նորերը, ովքեր կմարմնավորեն ապրիլյան քառօրյայի ժամանակ դիրքերում գտնվող զինծառայողներին: Ներկայացրել ենք այդ տղաների ոչ միայն հերոսական ուղին, այլև՝ որոշակի հատվածներ անձնական կյանքից ու անցյալից»,-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց սցենարիստ Հարություն Ղուկասյանը:
Ապրիլյան դեպքերից հետո սահմանը պահած տղաներին, կարելի է ասել, անուն առ անուն գիտենք: Հարցին, թե արդյոք կերպարներն իրական հերոսների անուններն են կրելու, և արդյոք հենց չարաբաստիկ ապրիլը հուշեց ունենալ երկրորդ եթերաշրջան, պատասխանեց.
«Ցավոք սրտի, որքան տեղյակ եմ՝ մոտ 120 զոհ ենք ունեցել: Բոլորին անդրադառնալ չէինք կարող, հատկապես, որ սա փաստագրական ֆիլմ չէ: Փորձել ենք հավաքական կերպար ստեղծել ու մի քանի դերակատար-զինվորի միջոցով ներկայացնել այդ հերոսությունները: Պետք չէ մոռանալ, որ չնայած մենք գիտենք մեր զոհված ու վիրավոր տղաների մասին, բայց կան նաև հարյուրավոր այնպիսիք, ովքեր այդ օրերին սխրանքներ են գործել, բայց նրանց անունները չեն բարձրաձայնվել: Ինչ վերաբերում է այն հարցին, թե եթերաշրջանի վերսկվսելը պայմանավորված է ապրիլյան դեպքերով, թե ոչ, ապա նշեմ, որ ի սկզբանե որոշված էր՝ սերիալը եթերաշրջաններով է լինելու: Ապրիլյան դեպքերն առավել արդիական դարձրեցին այս հարցը: Չէինք կարող «Սահմանին» սերիալ նկարել ու այդ թեմային չանդրադառնալ»:
Արցախյան պատերազմին առնչվող առաջին ֆիլմը նկարահանվեց պատերազմից մոտ 15 տարի անց: Դիտարկմանը՝ դժվար ու առավել պատասխանատու չէ՞ր ընդամենը 7-8 ամիս անց թղթին հանձնել ապրիլյան դեպքերը, սցենարիստը նկատեց.
«Թեև 90-ականների թեժ մարտերը հաճախակի չեն կրկնվում, բայց մինչ այսօր էլ այդ պատերազմական վիճակը կա, այն երբեք չի դադարել: Միշտ էլ կրակոցներ ու զոհեր են եղել: Իհարկե, այս թեմային անդրադառնալու պատասխանատվությունն առավել մեծ է, այդ պատճառով էլ երկար ընդմիջում վերցրեցինք, որպեսզի կարողանանք հավուր պատշաճի ներկայացնել: Կարծում եմ՝ ստացվել է»:
Ըստ Հ. Ղուկասյանի՝ այս կարգի նախագծերը բավականին մեծ բյուջե և ռեսուրսներ են պահանջում, բայց կոմերցիոն նպատակ չեն հետապնդում. Արվում են հայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով:
Ինչպես առաջին, այդպես էլ երկրորդ եթերաշրջանի դեպքում, «Սահմանինը» նկարահանվում է Պաշտպանության նախարարության աջակցությամբ: