10/12/2016 10:54
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ արցախցիներ,
Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ, տոն, որը կրկնակի թանկ ու հիշարժան է մեր ժողովրդի համար:
1991 թվականին մենք իրականություն դարձրինք մեր պապերի նվիրական իղձերն ու ձգտումները՝ հռչակելով պետական անկախություն և հաստատակամորեն ընթանալով ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհով: Այդ ճանապարհին ունեցանք անդառնալի կորուստներ, հաղթահարեցինք մեծ դժվարություններ ու փորձություներ և շնորհիվ մեր ժողովրդի աներեր կամքի ու անսասան ոգու՝ կարողացանք միասնաբար արձանագրել կարևորագույն հաղթանակներ, տեր կանգնելով մեր հող ու ջրին, մեր ներկային ու ապագային, որն անպայման կլինի պայծառ ու լուսավոր: Մենք այլ ճանապարհ չգիտենք:
2006 թվականին համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունվեց մեր երկրի առաջին Սահմանադրությունը: Այն դարձավ ազատ, անկախ, հզոր պետություն կառուցելու մեր կամարտահայտության ևս մեկ վկայությունը, փաստեց մեր հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին և համամարդկային արժեքներին: Անգնահատելի է Մայր օրենքի դերակատարությունն Արցախի նորագույն պատմության մեջ:
Թանկագի՛ն հայրենակիցներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ պետական այս կարևորագույն տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու բարօրություն ձեր ընտանիքներին և Արցախի Հանրապետությանը»: