12/12/2016 19:45
«Չեմ բողոքում». 18+ ֆորմատով Մարիամ Սարյանի ներկայացումը կրկին բեմում է
Երիտասարդ դերասան-ռեժիսոր Մարիամ Սարյանի «Չեմ բողոքում» մոնոներկայացումը, որը բեմադրվել է Իտալացի դրամատուրգ Դարիո Ֆոի և Ֆրանկա Ռամեի՝ «Ես սպասում եմ քեզ, սիրելիս» պիեսի հիման վրա, երկու տարվա դադարից հետո կրկին հանդիսատեսի դատին է հանձնվելու:
«Այն առաջին անգամ է բեմադրվել Հայաստանում, նաև՝ իմ ռեժիսորական դեբյուտն է: Պիեսը կնոջ մասին է, ներկայացումը՝ հայ կնոջ: Սոցիալական արդի հարցեր են բարձրացված. ընտանեկան բռնություն, տղամարդկային թուլություն, սիրո և դաստիրակության պակաս… Որոշեցինք լուրջ ու կարևոր հարցերը ներկայացնել հումորի տեսքով, սա ասելիքը տեղ հասցնելու միակ ձևն էր… Պետք է խոստովանեմ, որ այս ներկայացումն իմ սրտում մեծ տեղ է զբաղեցնում: Այն հազվագյուտ աշխատանքներիցս է, որի համար աշխարհից թաքուն հպարտանում եմ»,-Aysor.am-ի հետ զրույցում ժպիտով խոստովանեց Մարիամ Սարյանը:
«Չեմ բողոքում» ինտերակտիվ տրագիկոմեդիան նախատեսված է 18-ից բարձր տարիքի հանդիսատեսի համար: Առաջին անգամ հայկական բեմ է բարձրացել 2013 թվականի մարտ ամսին: Ներկայացման միակ հերոսուհին դերասանուհի Լիանա Վարդանյանն է:
«Ճիշտն ասած, քանի որ շատ համարձակ ու պրովոկացիոն հարցեր են շոշափվում, սրտումս մեծ վախ կար, որ չենք հասկացվի: Գրեթե համոզված էի, որ գոնե ծնողներս կասեն՝ «ապրես Մարիամ ջան, փորձեցիր՝ վատ չէր, բայց էլ այսպիսի բաներ չանես» (ծիծաղում է): Հասարակությունը պատրաստ չէր լսելու, բայց ես և Լիանան պատրաստ էինք խոսել: Ի զարմանս ինձ՝ ներկայացումը շատ լավ ընդունվեց: Ավելին, պրեմիերայի օրը՝ ներկայացումից հետո, վաճառվեցին հաջորդ ներկայացման բոլոր տոմսերը: Հետաքրքիրն այն է, որ հանդիսատեսի շարքում կրկնվող դեմքեր էլ էին լինում»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
Երկամյա դադարը պայմանավորված էր Լիանա Վարդանյանի մայրանալով: Հարցին, թե արդյոք ժամանակը փոփոխություններ է մտցրել սցենարում, ռեժիսորը պատասխանեց.
«Նախ ասեմ, որ ներկայացման մի ամբողջ հատված կազմված է իմպրովիզներից, երբեք չի կրկնվում: Դա շփում է հանդիսատեսի հետ, և կարելի է ասել՝ մի քանի կարպարի հենց հանդիսատեսն է խաղում: Շնորհակալ եմ Լիանային, որ 2012 թվականի դեկտեմբերին ինձ մոտ եկավ այս պիեսով: Մեր ուժերն ամբողջությամբ ներդրեցինք այս գործի մեջ, փորձեր էինք անում թե՛ գիշերը և թե ցերեկը: Մեզ շրջապատող կանանցից, նրանց առօրյայից տեսարաններ էինք «գողանում»՝ առավել իրական ու հետաքրքիր դարձնելու համար»:
Ներկայացման վերադարձը նախատեսված է դեկտեմբերի 20-ին՝ «Ֆորշ» ակումբում: Դիտարկմանը, թե ինչո՞ւ այն թատրոնի բեմում չեն խաղում, Մ. Սարյանը նկատեց.
«Պրեմիերան մենք սկսել ենք ակումբից, հետագայում մեծ բեմեր բարձրացանք: Գիտեք, ներկայացումը երեխայի պես է. ծնվում է, ապրում, ու կյանքն է ցույց տալիս, թե որտեղ կհայտնվի: Այդպես է որոշել ապրել «Չեմ բողոքումը», ուրեմն այդպես էլ կլինի»:
Մոսկվայում բնակվող դերասան-բեմադրիչն այդ օրերին ևս Հայաստանում չի լինի, քանի որ զբաղված է մի քանի ներկայացումներում: Ինչպես ինքն է ժպիտով խոստովանում, Մոսկվան նրան երգել սովորեցրեց:
«Այժմ Բուլգակովի թատրոնում եմ և պատրաստվում եմ երկու պրեմիերայի, որոնք փետրվարին են լինելու: Ճիշտ է, ամսի 20-ին այդտեղ չեմ լինի, բայց ամբողջ հոգով «Ֆորշ» ակումբում, Լիանայի կողքին կլինեմ: Նաև երգում եմ «Трубы Горят» փողային նվագախմբի հետ: Այս ամիս 4 համերգ ունենք: Զբաղվածությանս համար շատ ուրախ եմ, մեծ ջանքեր եմ ներդրել այս ամենին հասնելու համար: Նշեմ, որ զբաղված եմ նաև Գրիբայեդովի մասին վավերագրական պիեսում: Նրա մուսայի կերպարն եմ խաղում… Հուսամ՝ եկող տարի Աստված հնարավորություն կընձեռի հյուրախաղերով գալ Երևան: Կարոտել եմ մեր հանդիսատեսին»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Մարիամ Սարյանը: