13/12/2016 15:21
«Էրմիտաժի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում մի շարք միջոցառումներ և վարպետության դասեր կանցկացվեն Ս. Էջմիածնում
Դեկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Նորին Սրբությունը, ողջունելով տիար Մ. Պիոտրովսկու հերթական այցը համայն հայության հոգևոր կենտրոն, իր հայրապետական օրհնությունն է բերել և շնորհավորել վերջինիս Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս ընտրվելու կապակցությամբ:
Անդրադառնալով Մայր Աթոռի թանգարանների և Պետական Էրմիտաժի միջև ձևավորված սերտ համագործակցությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքի խոսք է ասել Էրմիտաժի տնօրենին Հայ Եկեղեցու պատմական սրբազան արժեքների վերականգնման և պահպանման գործում Մայր Աթոռ Ս. Էջմիածնին ցուցաբերվող աջակցության, մասնագիտական խորհրդատվության և Մայր Աթոռի թանգարանների աշխատակիցների վերապատրաստման համար:
Այնուհետև Մ. Պիոտրովսկին ջերմ ընդունելության համար շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը` իր հերթին պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտ զորակցությունը ցուցաբերելու Մայր Աթոռ Ս. Էջմիածնին ազգային-հոգևոր արժեքների պատշաճ պահպանության գործում:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը և Մ. Պիոտրովսկին քննարկել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հաստատման 300-ամյակի առիթով 2017 թվականին Էրմիտաժում համատեղ ցուցահանդես կազմակերպելու հարցը:
Ընդառաջ ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրենի առաջարկին որոշվել է նաև «Էրմիտաժի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում մի շարք միջոցառումներ և վարպետության դասեր անցկացնել Ս. Էջմիածնում:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը, վերստին ընդգծելով Միխայիլ Պիոտրովսկու բարի վաստակը, մաղթել է, որ Աստված մշտապես Իր հովանու ներքո պահի ու պահպանի նրան: