13/12/2016 15:09
Հայ-ռուսական հարաբերություններում մեծ կարևորություն է տրվում մշակութային բաղադրիչին. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Երևանի քաղաքապետի հրավերով Հայաստան ժամանած Ռուսաստանի Պետական էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև նրա որդին՝ Բորիս Պիոտրովսկին:
Հանրապետության Նախագահը ողջունել է Միխայիլ Պիոտրովսկուն նրա հարազատ քաղաքում՝ Երևանում, որտեղ ծնվել է Մ.Պիոտրովսկին՝ անվանի հնագետ, պատմաբան Բորիս Պիոտրովսկու որդին:
Նշելով, թե Հայաստանում հպարտանում են, որ համաշխարհային նշանակության այնպիսի մշակութային գանձարան, ինչպիսին Էրմիտաժն է, արդեն տևական ժամանակ ղեկավարում են այնպիսի մարդիկ, ովքեր սերտորեն կապված են Հայաստանի հետ, Նախագահը բարձր է գնահատել մշակույթի բնագավառում համագործակցությունը զարգացնելու Պետական էրմիտաժի ղեկավարության պատրաստակամությունն ու ջանքերը, որի դրսևորումներից մեկը ՀՀ մշակույթի նախարարության հետ այսօր ստորագրվելիք համագործակցության համաձայնագիրն է՝ Կարմիր բլուրի հնագիտական նյութերն ուսումնասիրելու վերաբերյալ, ինչը ենթադրում է թանգարանային համատեղ ցուցանմուշների և հնագիտական գտածոների ուսումնասիրում, այդ թվում՝ ժամանակին Բորիս Պիոտրովսկու պեղած նյութերի, նաև մասնագիտական և գիտական գրականության փոխանակում և այլ համատեղ ձեռնարկներ:
ՀՀ Նախագահը ընդգծել է, որ հայ-ռուսական ռազմավարական միջպետական հարաբերություններում երկուստեք մեծ կարևորություն է տրվում մշակութային բաղադրիչին, և ուրախ է, որ նաև նման նախաձեռնությունով այդ հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում են:
Միխայիլ Պիոտրովսկին երախտագիտություն է հայտնել հրավերի, ջերմ հյուրընկալության և իր սիրելի քաղաք Երևանում հոր՝ Բորիս Պիոտրովսկու հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման համար:
Էրմիտաժի տնօրենը Հանրապետության Նախագահին ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում նախատեսվող բազմաբնույթ միջոցառումների մասին, որոնց թվում է նաև Էրմիտաժի օրերի անցկացումը Երևանում: