13/12/2016 16:21
Արմեն Ամիրյանն ու Միխայիլ Պիոտրովսկին նվերներով են փոխանակվել
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում պատմական փաստաթուղթ ստորագրվեց. Ռուսաստանի Պետական Էրմիտաժի և ՀՀ Մշակույթի նախարարության միջև ռազմավարական համաձայնագիր կնքվեց Կարմիր բլուրի և դրա շրջակայքի ուսումնասիրության մասին: Համաձայնագիրը ստորագրեցին ու բարեկամական ձեռքսեղմումով հաստատեցին Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին և ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Թեև այս ամենը ռոմանտիկ է հնչում, այնուամենայնիվ, իր ներսում բավական լուրջ բովանդակություն է պարունակում: Համաձայնագրում երկու ուղղություններ են նշված: Մենք նախագահի մոտից ենք գալիս, նրան ներկայացրած մեր բոլոր ծրագրերը հավանության արժանացան:Նաև կաթողիկոսին ենք հանդիպել, որոշվել է «Էրմիտաժի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում մի շարք միջոցառումներ և վարպետության դասեր անցկացնել նաև Ս. Էջմիածնում: Այս ծրագիրը կօգնի կապեր հաստատել ու փորձով փոխանակվել: Ես հպարտ եմ, որ մենք շարունակում ենք այն աշխատանքը, որը սկսել են մեր հայրերն ու պապերը», - լրագրողների հետ հանդիպմանը նշեց Մ. Պիոտրովսկին:
Արմեն Ամիրյանն էլ լրագրողներին հիշեցրեց՝ օրեր առաջ Միխայիլ Պիոտրովսկու ծննդյան օրն էր: ՀՀ Մշակույթի նախարարը հոբելյարին պարգևատրեց խորհրդանշական՝ Օրբելու հուշամեդալով, ով 1931-ից 1954 թթ. զբաղեցրել է Էրմիտաժի տնօրենի պաշտոնը: Նախարարը երկար տարիների կյանք, ամուր առողջություն ու հայ և ռուս մշակույթի համար բարենպաստ գործունեություն մաղթեց: Հյուրն էլ դատարկաձեռն չէր, Մշակույթի նախարարին փոխանցեց իր հեղինակած «Мой Эрмитаж» գիրքը, որի մեջ հիշատակվում է նաև Հայաստանի մասին:
Շարունակելով բանախոսությունը՝ Մշակույթի նախարարն ընդգծեց՝ համագործակցության շերտերը բազմազան և բազմաֆունկցիոնալ են: Որպեսզի այդ ամենը միս և արյուն ստանա, անհրաժեշտ էր այս համաձայնագրի ստորագրումը:
«Այսկերպ, կարող ենք կոնկրետ աշխատանքներ կատարել և ժամկետներ նշել: Քանի որ համաձայնագիրը նոր ենք ստորագրել, թույլ տվեք այս պահին միայն ասել, որ հաջորդ տարվա ընթացքում բազմաթիվ գիտական, մշակութային ծրագրեր են սպասվում, որոնք, կարծում եմ, իսկապես կծառայեն հայկական մշակույթի հանրահռչակմանը: Պայմանագրում նշված կետերի բացվածքներին պարբերաբար կտեղեկանք յուրաքանչյուր ծրագրի կյանքի կոչելուց առաջ», - ասաց Ա. Ամիրյանը:
Նշենք, որ համաձայնագրում նախանշված երկու ուղղություններն են թանգարանային ոլորտն ու գիտական ուսումնասիրությունները:
Էրմիտաժի և հայաստանյան թանգարանները համատեղ աշխատանքներ կտանեն ցուցանմուշների և հնագիտական գտածոների ուսումնասիրման ուղղությամբ, մասնավորապես, Էրմիտաժում՝ Բորիս Պիոտրովսկու կողմից պեղված հնագիտական հավաքածուների նկատմամբ: Կփոխանակվեն մասնագիտական և գիտական գրականությամբ, որը հրատարակվում է Պետական Էրմիտաժի և Նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների կողմից:
Նաև, հնագետների և վերականգնողների համատեղ արշավախմբեր կմեկնեն Կարմիր բլուր, որտեղ գիտական ուսումնասիրություններ կարվեն: Հայ գիտնականների ուսումնասիրությունները տեղ կգտնեն Պետական Էրմիտաժի արխիվում և գրադարանում:
2018 թվականին Էրմիտաժում կկազմակերպվի Բորիս Պիոտրովսկու 110, և Երևանի՝ 2800-ամյակներին նվիրված միջազգային գիտաժողով: