13/12/2016 17:20
Ուզում եմ իմ պաշտոնավարման ընթացքում լուծել Մնջախաղի թատրոնի շենքի հարցը. Արմեն Ամիրյան
Մնջախաղի պետական թատրոնի շենքի հարցը, տևական ժամանակ է, լուծում չի ստանում: Այս մասին թատրոնի գեղարվեստական գեղավար Ժիրայր Դադասյանը հաճախ է բարձրաձայնում:
«Ազատություն» TV-ի ուղիղ եթերում Արմեն Ամիրյանի ասուլիսի ժամանակ օգտատերերից մեկը հարց բարձրացրեց՝ ի՞նչն է պատճառը, որ այս թատրոնի շենքի խնդիրը շարունակում է չլուծված մնալ: Արդյոք Երևանում չկա ազատ տարածք, որ 43 տարի գործող ու զարգացող թատրոնը չունի իր սեփական բեմը:
«ՊՕԱԿ-ների օպտիմալացան արդյունքում նրանց օգտագործած տարածքներն այժմ ազատվում են: Հավանաբար, այս տարածքները կկարողանան ծառայել այն թատերական և երաժշտական խմբերին, որոնք մինչ այս չունեին տարածքներ: Չեմ ուզում շտապել և առաջ անցնել, քանի որ դեռ պետք է նախագծել և հասկանալ այս ամենը: Թերևս, այս տարածքներից որևէ մեկը կկարողանա ծառայել Մնջախաղի թատրոնին: Հուսանք՝ հնարավոր կլինի լուծել այս հարցը: Գոնե ես ուզում եմ իմ պաշտոնավարման ընթացքում լուծել Մնջախաղի թատրոնի շենքի հարցը», - նշեց Մշակույթի նախարարը: