13/12/2016 10:22
Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ կարիերայի չորրորդ «Ոսկե գնդակը»
Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ֆրանս ֆուտբոլ» («France Football») հեղինակավոր պարբերականի վարկածով ճանաչվեց 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ և արժանացավ կարիերայի չորրորդ «Ոսկե գնդակին»։
Կրիշտիանու Ռոնալդուն նախորդ մրցաշրջանում «Ռեալի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու (16 գոլ), իսկ ամռանը Պորտուգալիայի հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի առաջնությունում:
Ռոնալդուին մրցանակը հանձնել էին նախապես, քանի որ այժմ նա Ճապոնիայում է, որտեղ «Ռեալը» մասնակցելու է աշխարհի ակումբային առաջնությանը:
«Ոսկե գնդակի» դափնեկիրը որոշվել է աշխարհի տարբեր երկրների մարզական լրագրողների քվեարկության արդյունքում:
Հիշեցնենք, որ 2010-2015թթ․ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունն անցկացվում էր ՖԻՖԱ-ի հետ համատեղ և կոչվում էր ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» (FIFA Ballon d’Or): Այս տարի համագործակցությունն ավարտվել է, և «Ֆրանս ֆուտբոլը» կրկին ինքնուրույն է անցկացնում մրցանակաբաշխությունը, իսկ ՖԻՖԱ-ն առանձին մրցանակաբաշխություն է կազմակերպում: