14/12/2016 13:42
Բակո Սահակյանը շնորհավորել է Գուրգեն Մելիքյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեւանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:
Ուղերձում ասված է.
«Հարգարժա՛ն Գուրգեն Վրեժի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Ձեր երկարամյա գործունեությունը հարազատ երկրին ու ժողովրդին անմնացորդ ծառայության լավագույն օրինակներից է: Լինելով ճանաչված գիտնական՝ Դուք մեծ ներդրում ունեք Հայաստանի Հանրապետությունում արևելագիտության զարգացման, հայրենասեր և կիրթ սերունդների դաստիարակման գործում:
Ձեզ նաև ճանաչում են որպես Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից և ազատամարտիկ, մարդ, ով մշտապես սատարում է Արցախին, մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանը և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր հարազատներին ու մերձավորներին»: