14/12/2016 15:43
Սունդուկյանի «Պեպոն»՝ Էլբակյանի մոտեցմամբ՝ տասնամյակների ընդմիջումից հետո Գ. Սունդուկյանի անվան թատրոնի բեմում
Դեկտեմբերի 13-ին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը մեկ տարվա ընդմիջումից հետո իր դռները բացեց հանդիսատեսի առջև: Սա ոչ միայն վերանորոգված ու ժամանակակից տեխնիկայով վերազինված թատրոնի բացումն էր, այլև` «Պեպոյի» վերադարձը: Դրամատուրգի անունը կրող Մայր թատրոնում իր իսկ ստեղծագործությունը վերջին անգամ բեմադրվել էր 34 տարի առաջ:
Բեմադրիչ Արմեն Էլբակյանը «Պեպոյին» նոր շունչ էր տվել՝ հնարավորինս չշեղվելով բնօրինակից:
Լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսի շարքերում էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, թատրոնների ղեկավարներ ու դերասաններ:
Թատրոնի և ներկայացման բացումը մեկնարկեց գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը:
«Մեծարգո նախագահ, հարգարժան տիկնայք և պարոնայք, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը բացում է իր 94-րդ թատերաշրջանը՝ վերազինված 21-րդ դարին համապատասխան տեխնիկայով և վերանորոգումով: Թե՛ թատրոնին, արվեստին, թե՛ թատերասեր հասարակությանը ցուցաբերած մեծ ուշադրության համար մեր ողջ կոլեկտիվի կողմից լիազորված եմ շնորհակալություն հայտնել երկրի ղեկավարությանը, կառավարությանը: Կփորձենք Ձեզ ներկայացնել Գ. Սունդուկյանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված մի վարկած՝ «Պեպոն»: Սա մեր տուրքն է մեծ դրամատուրգին, որի անունն է կրում Մայր թատրոնը, և այն մեծերին, ովքեր երազում էին այս թատրոնը տեսնել ժամանակին համապատասխան հնարավորություններով: Բարեբախտաբար, դա վիճակվեց մեզ ազատ, անկախ Հայաստանում», - նշեց Ա. Էլբակյանը:
Բուռն ծափահարությունների ներքո բեմի վարագույրը բացվեց ու ներկայացման դերասան-տոմսավաճառը, ում մարմնավորում էր Գարիկ Չեփչյանը, կատակով խորհուդներ տվեց՝ եթե ուզում եք հաջողությունների հասնել՝ ձեր կյանքումը դրուստ չխոսիք, ուղիղ ճամփով ման չիգաք… Մեր ժամանակներում էլ գործնականում կիրառվող այս խորհուրդներն, իհարկե, արդար ու աշխատասեր «կինտոների» կողմից հավանության չարժանացան:
Գլխավոր հերոսներին՝ Պեպոյին և Զիմզիմովին մարմնավորում էին Տիգրան Ներսիսյանն ու Արմեն Մարությանը: Ընդգրկված էին նաև Աիդա Բաբաջանյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Նարեկ Հայկազյանը, Գնել Ուլիխանյանը և այլք: Երկու գործողությամբ ներկայացումը երկու ժամ երեսուն րոպե տևողություն ուներ: «Պեպոյի» առաջնախաղն ավարտվեց կրկնվող ծափողջյուններով ու դերասաններին բազմիցս բեմ հրավիրելով:
Ավարտից հետո մտավորականներն ու թատերասերները չէին շտապում հեռանալ. թատրոնի միջանցքներում բուռն քննարկում էր ծավալվում:
Aysor.am-ի՝ ինչ տպավորություն ստացավ ներկայացումից հարցին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը խոստովանեց՝ դեռ մեկ անգամ ևս պետք է դիտի, հետո կարծիքով կկիսվի, իսկ ՀՀ Ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն էլ ընդգծեց.
«Նախ, շատ ուրախ եմ, որ վերջապես թատրոնի դռները բացվեցին: Ուրախ եմ, որ հենց «Պեպոյով» բացվեցին, որովհետև կարծում եմ՝ այս թատրոնի խաղացանկում անպայման պետք է Սունդուկյանի գործերից լինեն: Ինչ վերաբերում է ներկայացմանն, ապա այն ունի բազմաթիվ արժանիքներ: Կան հատվածներ, որոնք դեռ աշխատելու կարիք ունեն: Բոլոր դեպքերում՝ շնորհավորում եմ իմ կոլեգային՝ Արմեն Էլբակյանին, և դերասանական կազմին»:
Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական և Ռուսաստանի Վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի բնորոշմամբ ներկայացումը հետաքրքիր, բայց ծավալուն էր:
«Ինձ թվում է՝ հետաքրքիր ներկայացում էր, ռեժիսորը մեծ աշխատանք էր տարել: Բայց այն փոքր ինչ երկար էր, ես նորից կկրճատեի, հատկապես՝ առաջին մասում… Ամեն դեպքում, հետաքրքիր ներկայացում էր և ես կրկին շնորհավորում եմ ռեժիսորին», - Aysor.am-ի հետ զրույցում ընդգծեց Ա. Գրիգորյանը:
Սունդուկյան թատրոնի բեմում առաջիկայում ևս մի քանի պրեմիերաներ են սպասվում: Ստեղծագործական կազմը հին ավանդույթներով, բայց նաև նոր ձեռագրով կդիմավորի իր հանդիսատեսին: