15/12/2016 15:28
Հայտնի է Ձախ Հարութի երևանյան մենահամերգի օրը. մանրամասնում է պրոդյուսերը
2017 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 19:00-ին՝ Մարզահամերգային համալիրում տեղի կունենա ՀՀ Վաստակավոր արտիստ Հարութ Փակբուկչյանի՝ Ձախ Հարութի երևանյան մենահամերգը: Այդ մասին Aysor.am-ին առաջինը տեղեկացրեց ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը, ով «Yeghoyan production»-ի հիմնադիրն է, նաև՝ երգչի հայաստանյան պրոդյուսերը:
«Նման գաղափար վաղուց էր ծնվել: Պետական տոնական ծրագրերի շրջանակում մեկ-երկու համերգ ունեցել է, բայց դրանք սահմանափակ քանակի մարդկանց համար են նախատեսված եղել, հանրությանը հասանելի չէին: Երբ Հարութը Հայաստանում էր և միասին շրջում էինք փողոցներով, ամեն վայրկյան հասկանում էինք՝ հասունացել է մեծ մենահամերգի պահը», - մեզ հետ զրույցում նշեց պրոդյուսերը:
Նրա վստահեցմամբ՝ մենահամհամերգին բազմաթիվ հետաքրքիր համարներ են լինելու, անակնկալների ու պրեմիերաների պակաս էլ հաստատ չի զգացվի: Սակայն, երեկոյի ընթացքում գերիշխելու են երգչի հին ու սիրված կատարումները: Ի դեպ, մայիս ամիսը պատահական չի ընտրված:
«Մայիսին Հայաստանում շատ մարդ կա. և՛ այստեղից դուրս չեն գալիս, և՛ սփյուռքից են վերադառնում՝ ամառն այստեղ անցկացնելու: Տուրիստների հոսքը մեծ է: Եվ որ ամենակարևորն է՝ ուրախ, հաղթական ու տոնական ամիս է… Ինչ վերաբերում է ծրագրին, ապա ավելի ճիշտը գալ ու ներկա գտնվելը, տեղում այդ ամենը տեսնելն է: Մի բան հաստատ կարող եմ ասել՝ անմոռանալի օր է լինելու, Հարութ Փամբուկչյանի՝ վերջին տարիներին տարբեր երկրներում ունեցած մենահամերգներից ամենաանմոռանալին: Կենդանի հնչողություն ու լուսային գեղեցիկ շոու է լինելու», - ընդգծեց Խ. Եղոյանը:
Երևանի տարբեր անկյուններում արդեն իսկ աչքի են ընկնում մենահամերգի մասին հուշող եռագույն պաստառները: Հետաքրքրված հանդիսատեսն արդեն կարող է տոմսերի համար հերթագրվել:
«Այժմ կարող են էլեկտրոնային տարբերակով պատվիրել, տոներից, ավելի ստույգ՝ հունվարի 15-ից հետո դրանք արդեն վաճառքում կլինեն», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց պրոդյուսերը: