16/12/2016 14:49
Անի Քրիստին 10 տարվա ընդմիջումից հետո ելույթ կունենա Երևանում
Երգչուհի Անի Քրիստին հանդիպում է կազմակերպել իր երկրպագուների համար: Դեկտեմբերի 18-ին երևանյան «Կամի» ակումբում կկայանա Անի Քրիստիի լոսանջելեսյան առաջին մենահամերգի DVD տարբերակի շնորհանդեսը և փոքրիկ մենահամերգ:
Հանդիպման առիթը խորհրդանշական է. այն ոչ միայն երգչուհու առաջին ակումբային մենահամերգն է, այլև շուրջ տասը տարի ընդմիջումից հետո երևանաբնակ հանդիսատեսի համար յուրատիպ վերադարձ-համերգ:
«Շատ ոգևորված և անհամբերությամբ եմ սպասում այս հանդիպմանը, որովհետև վաղուց է՝ ինչ ելույթ չեմ ունեցել Հայաստանում: Կարելի է ասել, սա վերադարձի հանդիպում է, ինչպես նաև գլխավոր փորձ` մեծ վերադարձից առաջ», - ակնարկեց Անի Քրիստին` դեռևս չբացելով փակագծերը:
Հանդիպման ընթացքում երգչուհին «Լայվ բենդի» ուղեկցությամբ կկատարի երկու տասնյակի հասնող՝ ինչպես բոլորին ծանոթ, այնպես էլ նոր ու սիրված ստեղծագործություններ, որոնք դեռևս չեն հնչել հայրենիքում:
«Էմոցիաներս ու զգացողություններս այնքան շատ են ու տարբեր, որ վստահ եմ՝ կկարողանամ հեշտությամբ փոխանցել բոլոր ներկաներին», - նշեց նա:
«Feelings of love» խորագիրը կրող DVD-ն կնվիրվի բոլոր ներկաներին: Այն Լոս Անջելեսում 2014 թվականին կայացած համանուն մենահամերգի տեսագրությունն է:
«Երբ համերգից որոշ ժամանակ անց այն ցանկացա թողարկել, պարզվեց, որ լուրջ տեխնիկական խնդիրներ են առաջացել: Ես արել եմ գրեթե անհնարինը, որ DVD-ն վերջապես թողարկվի: Այդ իսկ պատճառով չգիտեմ էլ՝ տոնս կրկնակի է, թե նույնիսկ եռակի», - կատակեց Անի Քրիստին: