16/12/2016 18:30
«Դեպի եվրատեսիլ»-ի 2-րդ կիսաեզրափակիչ փուլում կգնահատի միջազգային ժյուրին. Քրիսթեր Բյորքմանը Հայաստանում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» նախագծի 2-րդ կիսաեզրափակիչ փուլը եթեր կհեռարձակվի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում: Այս փուլում պայքարն ընթանալու է Արծվիկի, Սյուզաննա Մելքոնյանի, Մարտայի և Իջինի միջև:
Եթե 1-ին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում լավագույն 4 մասնակիցներն ընտրվել են պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում, ապա 2-րդ կիսաեզրափակիչ փուլում իրենց գնահատականներն են տալու միջազգային ժյուրիի անդամները և հեռուստադիտողները` sms քվեարկության միջոցով: Միջազգային ժյուրիի նախագահն է շվեդ հայտնի պրոդյուսեր, «Melodifestivalen» մրցույթի ղեկավար Քրիսթեր Բյորքմանը, ով հատուկ ժամանել է Հայաստան և մասնակցելու է «Դեպի եվրատեսիլ» նախագծի նկարահանումներին: Ժյուրիի մյուս 10 անդամները երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ են եվրոպական տարբեր երկրներից, ովքեր անմիջական կապ ունեն «Եվրատեսիլ»-ի հետ:
Եվրատեսիլյան երկրպագուները կարող են աջակցել իրենց նախընտրած մասնակիցներին՝ sms հաղորդագրություններ ուղարկելով 1008 կարճ համարին՝ նշելով մասնակցի երկնիշ համարը: Իսկ համարները հետևյալն են. 01՝ Մարտա, 02՝ Սյուզաննա Մելքոնյան, 03՝ Արծվիկ, 04՝ Իջին: Այս փուլի ընթացքում 4 մասնակիցներից կընտրվեն 2 լավագույնները, ովքեր էլ կշարունակեն պայքարը մրցույթի եզրափակիչ փուլում:
Կարճ հաղորդագրություններ կարելի է ուղարկել ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից՝ յուրաքանչյուր հեռախոսահամարից առավելագույնը 20 անգամ: Մեկ հաղորդագրության արժեքը 300 դրամ է: Ինչպես բոլոր հաղորդաշարերի դեպքում, այս անգամ ևս sms քվեարկությունից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է «Եթե բոլորը» հաղորդաշարին և օգտագործվելու է բարեգործական նպատականերով:
«Դեպի եվրատեսիլ» նախագծի հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 24-ին: