17/12/2016 14:48
Հայ-թուրքական հարաբերություններն ինքնաբերաբար կկարգավորվեն Ղարաբաղի հարցի լուծումից հետո. Տեր-Պետրոսյան
Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման գլխավոր երաշխիքը Ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է, ՀԱԿ-ի այսօրվա համագումարում ասաց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Պարզվում է, սակայն, որ այս տարրական ճշմարտությունն ըմբռնելու համար 18 տարին էլ չի բավականացրել մեր իշխանություններին։ Իրականում, խնդիրը մեկն է՝ Ղարաբաղի հարցի լուծումը, որից հետո հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն ինքնաբերաբար», - նշեց նա՝ ընդգծելով, որ Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։
«Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ», - ասաց ՀՀ առաջին նախագահը։
Նա նշեց, որ Հայաստանը բնակչությունից դատարկվում է ոչ այնքան սոցիալական ծանր պայմանների, աղքատության, արդարության բացակայության և կոռուպցիայի, որքան՝ պատերազմի վերսկսման տևական վտանգի պատճառով։
«Ղարաբաղյան հակամարտության այն հանգուցալուծմանը, որին Հայաստանը առավելագույն ջանքերի գնով կարող է հասնել ներկայում, շատ ավելի շահեկան պայմաններով մենք կարող էինք հասնել դեռևս 1998 թվականին։ Եթե դա տեղի ունեցած լիներ, ապա ոչ միայն կխուսափեինք անցած տասնութ տարիների անտեղի տառապանքներից ու կորուստներից, այլև այսօր կունենայինք բոլորովին մի այլ՝ ծաղկուն, մարդաշատ, զարգացող երկիր և ապահով Ղարաբաղ», - նշեց Լ.Տեր-Պետրոսյանը։
ՀԱԿ հիմնադիրն ընդգծեց՝ ցավում է, որ այս պարզ ճշմարտությունները ժամանակին չհասկացվեցին իր որոշ գործընկերների կողմից, ու կորցրեցին հարցի լուծման հարմարագույն պահը։
«Անցյալը մի կողմ դրած՝ ակնհայտ է, որ այսօր մենք կրկին կանգնած ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հերթական պահը բաց չթողնելու հրամայականի առջև, ինչի վկայությունն են, մասնավորապես, վերջին շրջանում այդ ուղղությամբ Ռուսաստանի գործադրած լուրջ ջանքերը։ Մի առիթով ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում, և նրա այդ ջանքերն, արդ, գալիս են ապացուցելու տվյալ պնդման ճշմարտացիությունը։ Ընդ որում, Արևմուտքը ևս, որի առաջնահերթությունների շարքում, ինչպես նշվեց, Ղարաբաղյան կարգավորումը տեղ չի գրավում, վստահաբար, ոչ միայն գիտակցում, այլև գնահատում է Ռուսաստանի առանձնահատուկ դերակատարությունն այդ հարցում», - ասաց նա։