17/12/2016 12:50
Ակնհայտ պատերազմի գնացող Ադրբեջանին Իսրայելի կողմից սպառազինություն վաճառելն անցանկալի է. Աբրահամյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որը տարեվերջին ավարտում է իր առաքելությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնում, նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ «ապրիլյան բախումներից հետո բանակցությունների սեղանին առկա են առաջարկներ, որոնք կարող էին հանգեցնել հակամարտության լուծման»:
Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով այս հայտարարությունը, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը նշեց, որ ապրիլյան իրադարձություններից հետո միջնորդների միակ առաքելությունը Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելն է եղել:
«Ապրիլյան իրադարձություններից հետո, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ երկու հանդիպում է կայացել՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, սակայն միամտություն կլինի կարծել, թե այնտեղ կարող էին հակամարտության լուծման հանգեցնող առաջարկներ քննարկվել: Ի՞նչ լուծումների մասին է խոսքը, եթե նույնիսկ բանակցություններ չկան: Ըստ էության, ապրիլից ի վեր, միջնորդների հիմնական խնդիրը՝ բանակցությունների վերականգնումն էր, որոնք Ադրբեջանի համառ ջանքերի արդյունքում մնում են չիրականացված», - նշեց Տ. Աբրահամյանը:
Հարցադրմանը, թե ամերիկացի համանախագահը խոսել է նաև բանակցություններում առաջընթաց գրանցելու փորձերի մասին, քաղաքագետը նշեց, որ եթե չկան բանակցություններ, դժվար է խոսել չեղած գործընթացում առաջ քայլ արձանագրելու մասին:
«Համանախագահ երկրները փորձեր կատարեցին՝ վերականգնելու բանակցությունները, սակայն դա այս փուլում հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը կատարի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ Ադրբեջանը նախկինում քողարկված, իսկ հիմա բացահայտ մերժում է համատեղ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը», - հավելեց Տիգրան Աբրահամյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Իսրայելը պատրաստվում է ժամանակակից սարքավորումներ և պաշտպանական համակարգեր տրամադրել Ադրբեջանին: Այս առնչությամբ քաղաքագետը նշեց, որ Իսրայելը վերջին երկու տասնամյակում մի քանի միլիարդ դոլարի ժամանակակից սպառազինություն է Ադրբեջանին վաճառել և նրանց համագործակցությունը ռազմական ոլորտում նոր երևույթ չէ:
«Ակնհայտ պատերազմի գնացող երկրին սպառազինություն վաճառելը ստեղծված իրավիճակում ցանկալի չէ և կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել՝ անկախ այն հանգամանքից, թե ով է վաճառողը: Ապրիլյան պատերազմի օրերին իսրայելական անօդաչու սարքեր կիրառվեցին, այդ երկրի ռազմական արտադրանքը լայնորեն ներկայացված է ադրբեջանական զինանոցում», - նշեց Տիգրան Աբրահամյանը: