19/12/2016 10:58
Վերաքննիչը մերժել է Պերմյակովի դատավճռի և քաղաքացիական հայցի դեմ բողոքները
Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի դատավճռի և բարոյական վնասի քաղաքացիական հայցի դեմ ներկայացված բողոքները:
Վերաքննիչ դատարան էին դիմել Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանն ու տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանն ու Արթուր Սաքունցը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին դատապարտել էր ցմահ ազատազրկման:
2015 թվականի հունվարի 12-ին Պերմյակովը մտել էր Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկը և դաժանաբար սպանել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին:
Ռուս զինծառայողը Գյումրի էր տեղափոխվել մեկ ամիս առաջ։ Պերմյակովը գիշերը ժամը 4-ի սահմաններում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ավտոմատով լքել է զորամասը, ըստ նախնական վարկածի, մուտք գործել Ավետիսյանների տուն:
Դեպքի վայրում հայտնաբերվել են զինվորականի կոշիկները, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը, ինչպես նաև ԱԿ-74 ինքնաձիգը, 5․45 միլիմետր տրամաչափի պարկուճներ և մեկ պահունակ` փամփուշտներով։