19/12/2016 14:47
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա բլոգեր Լապշինի գործին. ԼՂՀ ԱԳՆ
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ Բելառուսում քրեական գործի հարուցումը և ձերբակալումը լուրջ մտահոգության տեղիք են տալիս, ասված է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունում:
«Ադրբեջանը, որտեղ քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների նկատմամբ շինծու պատրվակներով իրականացվող ճնշումները և քաղաքական հետապնդումները վաղուց ի վեր ավանդույթ են դարձել, փորձում է մարդու իրավունքների իր «չափանիշները» տարածել երկրի սահմաններից դուրս։
Նման գործելաոճը ոչ միայն մարդու հիմնարար իրավունքների, մասնավորապես ազատ տեղաշարժի և խոսքի ազատության իրավունքների ակնհայտ ոտնահարում է, այլև ահաբեկման քաղաքականություն, որին պետք է համարժեք գնահատական տրվի միջազգային հանրության կողմից», - նշված է մեկնաբանությունում: