19/12/2016 20:04
Հայաստանն առաջարկում է Ադրբեջանին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլի սկզբին ագրեսիա կրկնելու Ադրբեջանի փորձից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ եթե Ադրբեջանը հրաժարվում է փաթեթային կարգավորումից, ապա գոյություն ունի փուլային կարգավորման միայն մեկ տարբերակ, ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով «Արմենպրեսի» հարցին։
«Այն է՝ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, վերադարձնում դեռևս իր օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները և դիմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ», - նշել է նա։