19/12/2016 13:07
Սաքունց. Բլոգեր Լապշինի ձերբակալությունը երկու ավտորիտար իշխանության համագործակցության հետևանք է
Մինսկում ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունը իրավապաշտպան Արթուր Սաքունցը խոսքի ազատության սահմանափակում է համարում:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ընդգծեց, որ Ա. Լապշինին արտահանձնելու Ադրբեջանի պահանջը մտահոգիչ է, քանի որ այդ երկրում նրա նկատմամբ բռնություն է կիրառվելու:
«Սա միաժամանակ առաջին դեպքն է, երբ խոսքի ազատության դեմ սահմանափակումն ու բռնությունը կիրառվում է մեկ այլ երկրի պահանջով` մեկ այլ երկրի կողմից: Ըստ էության՝ նրան ձերբակալել են բելառուսական իշխանությունները: Մենք շատ լավ գիտենք, որ Ադրբեջանում սահմանափակվում է խոսքի ազատությունը, այդ ամենը հասկանալի է, բայց այս անգամ նաև Բելառուսն է հերթական անգամ խախտում այն: Երկու ավտորիտար իշխանություններ համագործակցում են», - ընդգծեց Ա. Սաքունցը: