19/12/2016 12:15
Ռուս-իսրայելական բլոգեր Լապշինը Բաքվի բանտում իրեն անվտանգ զգալ չի կարող. Բորիս Նավասարդյան
Եթե բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալեին Ադրբեջանի տարածքում` դա ինչ-որ տեղ իրավական հիմք կունենար, սակայն երբ նրան ձերբակալում են այլ երկրում ու առաջ քաշում էքստրադիցիայի հարց` դա արդեն միջազգային իրավունքի, խոսքի ազատության, տեղաշարժի իրավունքների խախտում է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Մինսկում Ադրբեջանի պահանջով ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին, ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
«Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի սահմանափակում մտցնել այն տարածքի մուտքի համար, որն ինքը համարում է իր սուվերեն իրավունքը: Սակայն դա չի նշանակում, որ այլ երկրները պետք է նպաստեն այդ սուվերեն իրավունքի իրականացմանը: Եթե Լապշինին ձերբակալեին ասենք Ադրբեջանի տարածքում, դա ինչ-որ տեղ իրավական հիմք կունենար: Բայց երբ հարց է դրվում, որ իրեն էքստրադիցիայի ենթարկեն մեկ այլ երկրից` դա արդեն միջազգային իրավունքի, խոսքի ազատության, տեղաշարժի իրավունքների խախտում է», - ասաց Բ. Նավասարդյանը:
Նա ընդգծեց` պատահական չէ, որ ձերբակալող երկրի դերում է հայտնվել Բելառուսը:
«Այս երկու երկրները` Ադրբեջանն ու Բելառուսը խոսքի ազատության, մարդու իրավունքների, ժողովրդավարության առումով բավականին նման են իրար ու նաև ունեն հատուկ ընդհանուր շահեր: Կարծում եմ` գործին կմիջամտեն նաև միջազգային կառույցները, քանի որ նման դեպքերի նկատմամբ դրանք, որպես կանոն, ուշադիր են», - ասաց Բորիս Նավասարդյանը:
Ինչ վերաբերում է արտահանձնման դեպքում Բաքվի բանտում բլոգեր Լապշինի անվտանգությանը` Երևանի մամուլի ակումբի նախագահը մտահոգություն հայտնեց` հաշվի առնելով նախորդ փորձերը:
«Մարդը չի կարող Բաքվի բանտում իրեն անվտանգ զգալ: Դրա ապացույցն են լրագրողների ու բլոգերների նախորդ ձերբակալումների պատմությունները», - ամփոփեց Բորիս Նավասարդյանը: