19/12/2016 14:06
Երբ առավոտյան արթնացա ու հասկացա, որ կողքիս տատիկ է քնած, սարսափեցի. Էրիկ Օհանյան
Վերջին տարիներին Ռուսաստանում բնակվող մարզիչ-դերասան Էրիկ Օհանյանն, ով շատերին ծանոթ է նաև մի շարք ֆիլմերից ու սերիալներից, երեկ համալրեց հայկական սպորտի և շոու բիզնեսի ամենաերիտասարդ պապիկների շարքը: Մարզիկի որդին՝ 20-ամյա Արմենը, դեկտեմբերի 18-ին դուստր ունեցավ:
«Մեր հրաշքը ծնվել է առավոտյան ժամը 5-ի կողմերը, 2 կգ 900 գրամ քաշով և 49 սմ հասակով: Տղաս և կինը Հայաստանում են բնակվում, մենք՝ Մոսկվայում: Գիշերն աչքերս բացեցի SMS-ի ձայնից. հարսիկս էր, գրել էր՝ պապի, մի քնիր, արթնացիր: Կինս՝ Նելլին էլ, դեմքին երջանիկ ժպիտով, նրան էր նամակ գրում: Պարզվեց՝ հիվանդանոց են տարել, ու մինչև թոռնիկիս ծնվելն անընդհատ զրուցել ենք տղայիս ու հարսիս հետ»,-ուրախ լուրն առաջինը Aysor.am-ին հայտնեց Էրիկ Օհանյանը:
Պապիկի կարգավիճակը 39-ամյա սպորտսմենին չի անհանգստացնում: Ավելին, երեկվանից ընկերները նրան նոր անունով են կնքել, որը հպարտությամբ է կրում:
«Ընկերս՝ Աշոտ Բոլյանը, երեկ ինձ «Դեդո» անունը տվեց, ու դա ինձ ավելի է պարտավորեցնում: Պապիկը վատ բան չի, բայց երբ առավոտյան արթնացա ու հասկացա, որ կողքիս տատիկ է քնած, սարսափեցի (ծիծաղում է)… Իսկ եթե լուրջ, ապա շատ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերում այս նոր կարգավիճակիս: Մեր մեծերի՝ «թոռն ուրիշ քաղցրություն ունի» խոսքի իմաստը նոր եմ հասկանում: Ընդամենը մեկ օրական է թոռնուհիս, բայց արդեն ուզում եմ գալ Հայաստան ու ամուր գրկել նրան»,-հուզմունքով խոստովանեց մեր զրուցակիցը:
Նորաթուխ ծնողները փոքրիկին տվել են Մարի անունը: Դիտարկմանը, որ տղամարդիկ սիրում են, երբ տան առաջնեկը տղա է լինում, արդյոք տրամադրության անկում չունեցավ աղջիկ թոռնիկ ունենալուց հետո, Է. Օհանյանը նկատեց.
«Թեև իմ առաջնեկը տղա է, բայց ես միշտ նշել եմ, որ ցանկալի է՝ առաջնեկն աղջիկ լինի, որպեսզի կարողանա մոր հոգսը կիսել: Օրինակ, իմ քույրն ինձ համար միշտ հենարան է եղել, մորս համար՝ սյուն: Այնպես որ, երբ իմացա տղաս աղջիկ է ունենալու, ուրախացա: Ես էլ աղջիկ ունեմ, ում շատ սիրում ու լսում եմ»:
Երիտասարդ տատրիկն ու պապիկը փոքրիկ Մարիին արդեն իսկ առաջին նվերն են մատուցել. նրա ծնողների նախընտրած օրորոցը: Հարցին, թե ե՞րբ Հայաստան կգան թոռնուհուն տեսնելու, Է. Օհանյանը պատասխանեց.
«Մեր երկու երեխաներն այստեղ դպրոց են գնում, սպասում ենք արձակուրդներին: Բայց Ամանորն անպայման արդեն համալրված մեր ամբողջական ընտանիքով ենք անցկացնելու»:
Զրույցի վերջում մարզիչ-պապիկը միայն մեկ ցանկություն հայտնեց՝ Աստված ամենքին այս երջանկությունը պարգևի:
Aysor.am-ը ևս միանում է բարեմաղթանքին, իսկ Օհանյանների ընտանիքին ու փոքրիկ Մարիին հրաշքներ ու հաջողություններ մաղթում: