19/12/2016 19:52
Մինչ այս ազատ արվեստագետ եմ եղել, այս պահից պետք է փոխեմ ամեն ինչ իմ կյանքում. Վիգեն Չալդրանյանը՝ Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար
Այսօրվանից Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի: Պատասխանատու այդ գործը թատրոնի տնօրնությունն ու Մշակույթի նախարարությունը վստահել են ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Չալդրանյանին:
Ներկայացնելով նոր ղեկավարին՝ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նկատեց, որ Սոս Սարգսյանից հետո անհնար էր թվում գեղարվեստական ղեկավարի առկայությունը:
«Չափազանց շատ էր նրա էներգիան, նրա էմոցիան մեր մեջ: Այդուհանդերձ, ժամանակը խոսում է իր լեզվով, ունի իր հրամայականները, մեզ է նետում իր մարտահրավերները: Թեև փոքր-ինչ ուշացումով, բայց մենք կարողացանք գտնել այն ճիշտ մարդուն, ով իրապես արժանի է Սոս Սարգսյանից հետո ստանձնել Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի այդ ծանր բեռը», - ընդգծեց Վարդան Մկրտչյանը:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վստահեցրեց, որ թատրոնի տնօրինությունը նման որոշում է կայացրել՝ համաձայնեցնելով և՛ իր, և՛ նախարարության հետ:
«Որոշումը մեզ մոտ մեծ ոգևորություն առաջացրեց: Հարգելով և գնահատելով մեր մեծ վարպետի՝ Սոս Արտաշեսովիչ հիշատակը՝ ուզում ենք թատրոնին տալ նոր շնչառություն, նոր խաղացանկ՝ այն դուրս բերելով միջազգային ասպարեզ: Համոզված եմ՝ Վիգեն Չալդրանյանն իր անցած ճանապարհով, փորձառությամբ, մասնագիտական բարձր վարպետությամբ մեծ օգուտ կբերի Համազգային թատրոնին, և մենք 2017 թվականին կարձանագրենք նոր ձեռքբերումներ», - ընդգծեց նախարարը:
Թատրոնի նորընտիր գեղարվեստական ղեկավարն էլ խոստովանեց՝ պատասխանատվությունը շատ մեծ է, քանզի փոխարինել շուրջ 25 տարի թատրոնը ղեկավարած Սոս Սարգսյանին՝ դյուրին գործ չէ:
«Ես նախարարին էլ եմ ասել՝ ոչ թե պաշտոն, այլ առաքելություն եմ ստանձնում: Դրանք շատ տարբեր բաներ են: Իմ տեղը չպետք է լինի առանձնասենյակում, այլ այստեղ՝ այս բեմի վրա: Այսօր չեմ փորձի իմ ծրագրերով ու խոստումներով հաճոյանալ ձեզ: Մենք արդեն այն տարիքում ենք, որ հավատում ենք ոչ թե խոսքին, այլ գործին: Կապրենք ու կտեսնենք… Արմեն Ամիրյանից խնդրել եմ մի քանի ամիս նախապատրաստական շրջան, ինձ համար պատասխանատու ժամանակներ են սկսվում: Պետք է փոխեմ իմ ողջ կենսաձևը: Մինչ այս ազատ արվեստագետ եմ եղել, այս պահից պետք է փոխեմ ամեն ինչ իմ կյանքում: Նպատակս է՝ մեր թատրոնի հետ ստեղծել առողջ ընտանիք», - եզրափակեց Վիգեն Չալդրանյանը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
15/01/2025 11:19
Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ
11/01/2025 12:08