20/12/2016 10:08
Գագիկ Ծառուկյանը հնարավոր է վերադառնա «Ծառուկյան դաշինքով». «Ժողովուրդ»
Դեկտեմբերի 3-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ի պատասխան իր առանձնատան առջև հավաքված քաղաքացիների՝ վերադարձի կոչին, հայտարարեց. «Մոտ օրերս իմ հայտարարությունը կլսեք, իմ մասնակցությունը լինելու է, թե ինչ մասշտաբի, ինչ կարգավիճակով, մոտ օրերս կլսեք»: Նրա այս խոսքերից անցել է 17 օր:
«Ժողովուրդ» օրաթերթը Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից փորձել է պարզել՝ ինչն է ուշացման պատճառը: «Հստակ ժամկետներ չեն նշել, ինչպես պարոն Ծառուկյանը խոստացել է, առաջիկայում հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»:
Ըստ ամենայնի, հայտարարության ուշացումը պայմանավորված է ինչ-ինչ հստակեցումների անհրաժեշտությամբ:
ԲՀԿ-ում խոսակցություններ կան, որ Ծառուկյանը, հանրավոր է, վերադառնա ոչ թե պարզապես միայն կուսակցության նախագահ, այլ՝ ներկայանա դաշինքով, օրինակ՝ «Ծառուկյան դաշինք»՝ միավորելով ահել-ջահել մի քանի ուժերի:
Այս մասին Ի. Տոնոյանը դժվարացել է պատասխանել.«Անկեղծ ասած, նման տեղեկության չեմ տիրապետում»: