20/12/2016 12:17
2017-ին մեր ընտրական զբաղվածությունը չի ստեղծի իրավիճակ, որից կկարողանա օգտվել Ադրբեջանը. Արտակ Զաքարյան
ՀՀ-ն ունի լավ մշակված նոր Ընտրական օրենսգիրք, որը երաշխիք է լինելու լավ ընտրություններ անցկացնելու համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով առաջիկա ընտրական տարում սպասվող զարգացումներին, ասաց ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը։
«Ունենք լավ մշակված ընտրական օրենսգիրք, որը երաշխիք է լինելու լավ ընտրություններ անցկացնելու համար։ Մյուս հարցերն արդեն կախված են լինելու քաղաքական ուժերից, ստեղծվող դաշինքներից»,- ասաց Արտակ Զաքարյանը։
Պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցին՝ արդյոք ընտրական գործընթացները չե՞ն շեղի ուշադրությունը մեր երկրի առջև եղած արտաքին մարտահրավերներից, պատգամավորը վստահեցրեց, որ ամեն օղակ կատարելու է իր գործը։
«Իհարկե, ներքաղաքական նման իրադարձությունը պետության ուշադրությունն ինչ-որ տեղ շեղում է արտաքին քաղաքական զարգացումներից։ Սակայն վստահ եղեք, որ արտաքին քաղաքական առումով մեր ընտրական զբաղվածությունը երբեք չի ստեղծելու միջավայր, որում Ադրբեջանը կկարողանա օգտվել իրավիճակից»,- ասաց Արտակ Զաքարյանն՝ ընդգծելով.
«Անկախ նրանից, թե քաղաքական համակարգն ինչով է զբաղված լինելու, պետական համակարգը զբացված է լինելու իր գործով, առաջնահերթ՝ անվտանգության ապահովմամբ»։