21/12/2016 11:58
Ադրբեջանի հետ զինված հակամարտության վերսկսումը հնարավոր է. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հնարավոր է համարում Ադրբեջանի հետ զինված հակամարտության վերսկսումը:
«1994 թվականին Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ ու Հայաստան եռակողմ ձևաչափով հրադադարի մասին համաձայնագիր ստորագրվեց: Ցավոք, 1994 թվականից ի վեր, Բաքուն խաթարում է կարգավորման խաղաղ գործընթացը»,- ռուսական Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ավելին, հետևողականորեն ձախողվում են միջազգային հանրության, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, հակամարտության լուծման հնարավոր տարբերակներ գտնելու փորձերը (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա):
«Այս տարվա ապրիլին Ադրբեջանը լայնածավալ ռազմական ավանտյուրա ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը լիովին տապալվեց: Մենք մեր աշխատանքը կառուցում ենք ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության կանխավարկածի վրա»,- նշել է ՀՀ Պաշտպանության նախարարը:
Միևնույն ժամանակ, Վիգեն Սարգսյանի խոսքով, միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանին ու տարածաշրջանի երկրներին ձեռնտու չէ հակամարտության հնարավոր սրումը:
«Լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորը՝ Երևանը ստիպված կլինի ներգրավվել հակամարտությունում, եթե դա տեղի ունենա: Պարզ է նաև, որ պատերազմի վերսկսումը լուրջ սպառնալիք կլինի ամբողջ Հարավային Կովկասի համար»,- շեշտել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը: