22/12/2016 17:13
The Telegraph. «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է 2017-ին 4 ֆուտբոլիստի համար ծախսել 180 մլն ֆունտ ստեռլինգ
Հաջորդ երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում մանկունիանցիները կփորձեն գնել «Բենֆիկայի» պաշտպաններ Վիկտոր Լինդելեֆի ու Նելսոն Սեմեդուի, «Մոնակոյի» կիսապաշտպան Թեմուե Բակայոկոյի և «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերները, փոխանցում է Football.ua-ն:
2016 թ. ամռանը «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն 145,7 մլն եվրո է ծախսել՝ հրավիրելով Պոլ Պոգբային, Հենրիխ Մխիթարյանին ու Էրիկ Բայյիին։ Այդ գումարը կարող է աճել մոտ 2 անգամ, եթե առաջիկա ձմռանն ու ամռանը ակումբին հաջողվի գնել իրեն անհրաժեշտ ֆուտբոլիստների տրանսֆերները։
«The Telegraph»-ը ենթադրում է, որ «Կարմիր սատանաները» ձմռանը կփորձեն հրավիրել միայն Լինդելեֆին։ Սկզբում նրանք ցանկանում էին Վիկտորի տրանսֆերը գնել ամռանը, երբ կակտիվանա ֆուտբոլիստի պայմանագրի այն կետը, ըստ որի՝ կարող է հեռանալ պորտուգալական ակումբից 30 մլն եվրո փոխհատուցման դեպքում։ Սակայն մանկունիանցիներն ստիպված էին փոխել իրենց պլանները՝ հաշվի առնելով Լինդելեֆի նկատմամբ աճող հետաքրքրությունը տարբեր ակումբների կողմից։
Լուրերն Անտուան Գրիզմանին վաղուց են ուղարկում «Յունայթեդ»։ Նրա տրանսֆերը գնահատվում է 84 մլն ֆունտ ստեռլինգ։
Մանկունիանցիները հույս ունեն, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կցանկանա տեղափոխվել, որ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հեռանալուց հետո Անտուանի տրանսֆերային արժեքը կնվազի։
Ինչ վերաբերվում է Սեմեդուին, ապա նա «Մանչեսթեր Յունայթեդում» պետք է փակի աջ պաշտպանի դիրքը։
Թեմուե Բակայոկոն, ում արժեքը 35 մլն ֆունտ ստեռլինգ է, «Յունայթեդի» կիսապաշտպանությանը պետք է ֆիզիկական հզորություն հաղորդի։
Հարկ է նշել, որ Բակայոկոյի ծառայություններով նաև «Չելսին» է հետաքրքրված։