22/12/2016 18:50
«Իմպերիալի» ամանորյա ներկայացումները հետաձգվել են. պատճառը Լարսում եղանակային պայմաններն են
«Իմպերիալ» շապիտո կրկեսի ամանորյա ներկայացումները նախապես հայտարարված դեկտեմբերի 23-ի փոխարեն կմեկնարկեն դեկտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգու տարածքում:
Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից հայտնում են, որ պատճառը Վրաստանի Հանրապետության Վերին Լարսի սահմանային անցակետում ստեղծված անբարենպաստ եղանակային պայմաններն են, ինչի հետևանքով արտիստների մի մասը Երևան կժամանի միայն այսօր երեկոյան: Արտիստների հաջորդ խումբն ու վարժեցված կենդանիները Երևանում կլինեն ավելի ուշ:
Մինչ այդ, դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգում տեղակայված կրկեսային վրանում տեղի կունենա մամուլի ասուլիս, որին կմասնակցեն Երևանի քաղաքապետարանի և կրկեսային ներկայացումների պատասխանատու ոլորտի ներկայացուցիչներ:
Ասուլիսի ընթացքում ավելի մանրամասն կներկայացվեն ներկայացումների մեկնարկի հետաձգման օբյեկտիվ պատճառները, ինչպես նաև բուն ներկայացումներին վերաբերող մի շարք տեղեկություններ: