22/12/2016 15:48
Եթե Ռուսաստանը Ադրբեջանին չի վաճառում զենք, ապա Ադրբեջանը կգտնի այն ձեռք բերելու ուրիշ աղբյուր. Կոնստանտին Զատուլին
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը համաձայն չէ ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի դիտարկման հետ, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը ծանր է նստել Հայաստանի վրա։
«Ժամանակ առ ժամանակ հայ-ռուսական հարաբերությունները փորձությունների են ենթարկվում, որովհետև մենք ապրում ենք այնպիսի պայմաններում, երբ հետխորհրդային տարածաշրջանում կոնֆլիկտներ գոյություն ունեն։ Խոսքը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի մասին է, այլև վրաց-աբխազական կոնֆլիկտի, որը 2008 թվականին լուծում ստացավ Ռուսաստանի օգնությամբ։ Մի՞թե մենք Հայաստանի հետ մեր հարաբերությունների հիմքում երբևէ կարևորել ենք այն հանգամանքը, թե ինչ հարաբերությունների մեջ է Հայաստանը Վրաստանի հետ։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը Վրաստանի հետ լավ հարաբերություններ պետք է ունենա, թեկուզ միայն նրա համար, որ բացի Իրանից, Հայաստանը շրջափակման է ենթարկվում բոլոր կողմերից», - ասաց Կ. Զատուլինը։
Խոսելով Ադրբեջանի հետ ունեցած Ռուսաստանի լավ հարաբերությունների մասին՝ նա ընդգծեց, որ դրանք միտված են Ադրբեջանին հեռու պահել Հարավային Կովկասում իրականացվող արկածախնդրություններից:
«Փորձագետների մի խումբ հերքում է այն կարծիքը, որ Ռուսաստանից ձեռք բերած «Солнцепек»-ն ու «Սմեռչ»-ը լուրջ դեր են խաղացել Ադրբեջանի կողմից ապրիլյան պատերազմը սկսելու համար։ Իսրայելից ձեռք բերած զենքերն ավելի մեծ դերակատարում ունեցան այդտեղ։ Այս թեմայի շուրջ չեմ ցանկանում ծավալվել, բայց ակնհայտ է, որ եթե Ռուսաստանը Ադրբեջանին չի վաճառում զենք, ապա Ադրբեջանը կգտնի այն ձեռք բերելու ուրիշ աղբյուր», - ասաց նա։
Կ. Զատուլինը շեշտեց, որ այդ իրադարձություններից Ռուսաստանը հետևություններ է արել և հասկանում է, որ Հայաստանը պետք է լինի զինված և այդ տեսանկյունից վստահ զգա իրեն։ Որպես լավագույն օրինակ, Զատուլինը ընդգծեց օրերս ՌԴ և ՀՀ միջև ստորագրված միասնական զորախմբի մասին համաձայանգիրը, նաև Հայաստանին «Իսկանդեռների» տրամադրումը։
Անդրադառնալով Թուրքիայի հետ ՌԴ-ի հարաբերություններին՝ Կ. Զատուլինն ընդգծեց, որ Հայաստանի և Ռուսաստանի ընկերությունը երկար տարիների պատմություն ունի, և Թուրքիան Ռուսաստանի համար երբեք այնպիսի ընկեր չի կարող լինել, ինչպես Հայաստանը: