22/12/2016 18:33
ԼՂՀ բյուջեի ծախսերը ավելացել են շուրջ 185 միլիոն դրամով
ԼՂՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 22-ին գումարել է հերթական լիագումար նիստը, տեղեկացնում են ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունից:
Ողջունելով ներկաներին՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ մի քանի օր անց՝ դեկտեմբերի 28-ին լրանում է Արցախի անկախ պետականության տարեգրության համար ոչ պակաս կարևոր մի իրադարձության՝ առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունների 25-ամյակը:
Այնուհետև խորհրդարանն անցել է Հանրապետության գլխավոր ֆինանսական փաստաթղթի, դրան ուղեկցող օրինագծերի և օրենքների մյուս նախագծերի քննարկմանը:
Խորհրդարանին ներկայացնելով «ԼՂՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի նախագծը ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը նշել է, որ նախորդ լիագումար նիստից հետո կառավարությանն է ներկայացվել 26 հարց՝ 2 խմբակցության և մեկ պատգամավորի կողմից:
«Այդ հարցերից 20-ը կրկնվող են, որոնց վերաբերյալ կառավարությունն իր տեսակետը չի փոխել, իսկ մյուս հարցերին տրվել է գրավոր պատասխան և ուղարկվել է Ազգային ժողով: Ներկայացվել են նաև այն փոփոխությունները, որոնք կատարվել են բյուջեի նախնական տարբերակում»,- մանրամասնել է Սպարտակ Թևոսյանը:
Ֆինանսների նախարարի խոսքով` առաջարկությունների արդյունքում փոփոխության են ենթարկվել քաղպաշտպանությանը, հասարակական կարգի պահպանությանը, առողջապահությանը վերաբերող հոդվածները: Այսպիսով՝ բոլոր փոփոխությունների արդյունքում բյուջեի ծախսերը ավելացել են 185մլն 244հազ դրամով և 2017թ.-ի պետական բյուջեի ընդհանուր գումարը կազմել է 94 մլրդ 432 մլն դրամ:
Բյուջեի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել նաև խորհրդարանական խմբակցությունները:
Պատգամավորների առաջարկություններին ու մտահոգություններին պատասխանելու համար եզրափակիչ խոսքով հանդես է եկել հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել պատգամավորներին՝ կառուցողական քննարկումների համար և հայցել նրանց ներողամտությունը՝ որոշ առաջարկներ չընդունելու համար:
«Եթե չենք ընդունում առաջարկությունները, դիտողությունները, քննադատությունները, խնդրում եմ՝ ճիշտ գնահատեք, քանի որ կարևորը նպատակն է, որին մենք հասել ենք ձեզ հետ միասին: Մեր նպատակը համախառն ներքին արդյունքն է, տնտեսության աճն է, իսկ բյուջեն դրա արդյունքն է»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախ՝ պետական բյուջեին ուղեկցող «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև երկրորդ ընթերցմաբ՝ «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները, իսկ այնուհետև, 27 կողմ, 3 դեմ ձայներով՝ նաև «ԼՂՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:
Պատգամավորները քննարկել և ընդունել են նաև «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը, որի համաձայն առաջարկվում է նշված օրենքներով սահմանված կենսաթոշակների չափերը հաշվարկելիս աշխատանքային և մասնագիտական ստաժում ներառվող ժամանակահատվածները հաշվառել մինչև 2018թ.-ի հունվարի 1-ը: