22/12/2016 11:50
Արցախի Գանձասար վանական համալիրին կից «Մատենադարանի» մասնաճյուղ կհիմնվի
Գործադիրն այսօր որոշեց, որ Արցախի հոգևոր ժառանգությունը միջազգայնացնելու համար նպատակահարմար է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գանձասար վանական համալիրին կից տարածքում ստեղծել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճուղ:
«Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են հարյուրավոր բացառիկ ձեռագրեր ու հազվագյուտ արխիվային փաստաթղթեր, որոնք գրվել են Արցախում և ներկայացնում, լուսաբանում են Արցախի հոգևոր մշակույթն ու նրա պատմական ժառանգությունը։ Այդ արժեքների հանրահռչակման, դրանց ուսումնասիրության խթանման նպատակով Գանձասարի վանական համալիրին կից, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի ներդրունմերի շնորհիվ վերակերտված կառույցում 2015թ. նոյեմբերի 21-ին բացվեց պատմական Հայաստանի Արցախ և այլ նահանգներում գրչագրված 100-ից ավելի ձեռագիր մատյանների, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ բնագրերի ու ընդօրինակությունների, վավերագրերի, հնատիպ գրքերի, ինչպես նաև պատմական հանգամանքների բերումով Արցախի վանքերում և եկեղեցիներում այլ շրջաններից բերված կամ փրկագնված ձեռագրերի ցուցադրությունը՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահների, պետական ու հոգևոր այրերի», - նախագիծը ներկայացնելի ասաց ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
ՊՈԱԿ-ի Ֆինանսավորումը կատարվելու է պետական բյուջեի հաշվին: