22/12/2016 14:54
Ռուս-ադրբեջանական համագործակցությունը շատ թանկ նստեց մեզ վրա. Խոսրով Հարությունյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանն անդրադարձավ հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության դերին։
Մատնանշելով հայ-ռուսական միասնական զորախմբի ստեղծումը՝ Խոսրով Հարությունյանն ընդգծեց, որ սա միայն մի քայլ է հայ-ռուսական համագործակցության զարգացման համար և հավելեց, որ երկկողմ համագործակցության համար բոլոր ռեսուրսները չէ, որ օգտագործված են։
«Ապրիլյան իրադարձությունները փաստում են, որ մենք մտածելու բան ունենք, թեև ռազմական հետագա էսկալացիան կասեցվեց ՌԴ ազդեցությամբ, այդուհանդերձ մենք՝ հայերս, բավականին մեծ գին վճարեցինք այդ իրադարձությունները կասեցնելու համար։ Ռուս-ադրբեջանական համագործակցությունը շատ թանկ նստեց մեզ վրա», - ասաց Խոսրով Հարությունյանը։
Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանը ողջունում է ՌԴ-Թուրքիա հարաբերությունները, քանի որ դրանք դրական կարող են անդրադառնալ նաև տարածաշրջանի վրա։