23/12/2016 09:34
Ըստ Ֆինանսների նախարարի՝ Հայաստանը դեֆոլտի մեջ չի ընկնի. ՀԺ
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համաձայն չէ այն կանխատեսման հետ, որ 2020 թվականին, երբ ՀՀ պետական պարտքի սպասարկման գումարը հասնի մոտ 1 միլիարդ դոլարի, մեր երկիրը չի կարողանա այն վճարել ու կընկնի դեֆոլտի մեջ:
«Բացառվում է», - «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է նախարարը:
Արամյանը նշել է, որ նախատեսում են հաջորդ տարվա հունիս-հուլիսին միջազգային կապիտալի շուկայի մասնակիցների հետ շփումներ ունենալ՝ մեղմելու պարտքերի ներգրավման պայմանները. «Պետք է մշտապես աշխատանք տանենք, որ նրանք վստահեն մեր թղթերին: Եվ այդ վստահության արդյունքում ունենանք տոկոսադրույքների նվազեցում և այդ հարմար պահին նորից թողարկում անենք», - պատասխանել է նախարարը:
Այսինքն` նորից պարտատոմսե՞ր կթողարկեք: «Իհարկե», - չհրաժարվեց Արամյանը:
Ի դեպ, ԱԺ երեկվա արտահերթ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ընկել է վարկային տենդի մեջ և իրավիճակը, կարծես, վերահսկողությունից դուրս է գալիս: Փաշինյանը նշել է, որ պետական պարտքի սպասարկման համար բյուջեից 2016 թ. 62 տոկոս ավելի է ծախսվել, քան նախորդ տարի: