23/12/2016 15:45
Էդվարդ Նալբանդյանը ՌԴ Պետդումայի պատվիրակությանը ներկայացրել է ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
Դեկտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի՝ ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությունը:
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Նախարար Նալբանդյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև տարբեր ձևաչափերում հաստատված սերտ դաշնակցային փոխգործակցության շարունակական ամրապնդումը և այս առումով արժևորել է միջխորհրդարանական համագործակցությունը:
Պետդումայի պատգամավորներն ընդգծել են, որ իրենց այցելությունը խորհրդանշական է, քանի որ Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններից հետո սա հանձնաժողովի առաջին օտարերկրյա այցելությունն է։
Երկուստեք շեշտվել է Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Պետդումայի միջև առկա փոխշահավետ համագործակցությունը:
Լեոնիդ Կալաշնիկովը ներկայացրել է նոր գումարման Պետական դումայի և ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի աշխատանքները, Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ Երևանում կայացած համատեղ նիստի արդյունքները:
Անդրադարձ է կատարվել ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հյուրերին ներկայացրել է ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերը: