23/12/2016 21:06
Իվետա Մուկուչյանի համերգն ու «IvaVerse»-ի շնորհանդեսը` դեկտեմբերի 25-ին
Երգչուհի, «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի համերգն ու երկար սպասված առաջին՝ «IvaVerse» խորագիրը կրող ձայնասկավառակի շնորհանդեսը կկայանա դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Դալմա Գարդեն Մոլում:
Ձայնասկավառակում տեղ են գտել 5 երգեր, որոնց թեմատիկ և ժանրային առանձնահատկություններն առավելագույնս մոտ են Իվետա Մուկուչյանին, նրա զգացողություններին ու ապրումներին:
«Երբ պարբերաբար մտածում էի, թե ինչպիսին եմ ցանկանում լինի իմ առաջին ձայնասկավառակը, առաջին հերթին ուզում էի ստեղծել մի բան, որը մաքսիմալ իմը կլիներ, որոշակիորեն ներսս կարտացոլեր: Կարծում եմ` հենց այդպիսինն է «IvaVerse»-ը»,- նշել է երգչուհին:
Ձայնասկավառակում ընդգրկված 4 ստեղծագործությունները ձայնագրվել են Գերմանիայում, «Yeah! Yeah! Yeah!» անալոգային ստուդիայում, հատուկ վինտաժային տեխնիկայի միջոցով` ժապավենի վրա, առավելագույնս փորձելով ստանալ 70-ական թվականների հնչողություն: Ձայնագրման աշխատանքներին մասնակցել են նաև եվրոպացի հայտնի երաժիշտներ: Մյուս հատվածի ձայնագրումն իրականացվել է Հայաստանում` Լևոն և Լիլիթ Նավասարդյանների աջակցությամբ:
«Իսկապես, շատ ուրախ եմ, որ կարողացել ենք ստեղծել նման որակյալ աշխատանք: «IvaVerse»-ի արժեքը հենց այդ արդյունավետ համագործակցության մեջ է»,- ընդգծել է Իվետան:
Համերգային ծրագրի ընթացքում երգչուհին կկատարի «IvaVerse» ձայնասկավառակում տեղ գտած ստեղծագործությունները: Ներկաներին նաև անակնկալներ են սպասվում: