26/12/2016 15:32
Հանկարծամահ է եղել դերասանուհի Ժենյա Մկրտումյանը
Այսօր 68 տարեկան հասակում «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում հանկարծամահ է եղել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Եվգենյա (Ժենյա) Մկրտումյանը:
Լուրն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին բժշկական կենտրոնի ընդունարանից:
«Նա պոլիկլինիկա էր եկել վատ վիճակում: Մահացել է Պոլիկլինիկայի նստարանին նստած», - մանրամասնեց մեր զրուցակիցը:
Ե. Մկրտումյանը ծնվել է Երևանում, դերասանուհի Արուս Ոսկանյանի թոռնուհին է, երգչուհի Մայա Մարգարյանի մայրը: Ավարտել է Մոսկվայի Վ.Լենինի անվան պետական մանկավարժական համալսարանը` ռուսաց լեզվի և գրականության մասնագիտությամբ: 1972թ. ավարտել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դրամատիկական ստուդիան:
Խաղացել է մի շարք ներկայացումներում` Ֆ.Լորկայի «Բեռնարդան և նրա աղջիկները» (Մարիա Խոսեֆա), Ֆ.Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» (Ալյոնա Իվանովնա), Ա. Պետրոսյանի՝ «Ես մի ծառ եմ ծիրանի» (Փոստատար), Ա.Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» (Անֆուսա Տիխոնովա) և այլն:
Հեռուստատեսությամբ վարել է «Հեքիաթն է կանչում», «Ռուսաց լեզու» հաղորդումները, խաղացել նաև մի շարք հեռուստատեսային ներկայացումներում:
Նկարահանվել է «Դժբախտ երջանկություն», «Ճակատագրի գերիներ», «Այսպես էլ ապրում ենք», «Կարուսել», «Ընտանեկան իրավիճակներ» և այլ հեռուստասերիալներում, «Կարգին սերիալ» հումորային նախագծում, «Մեր բակը 2», «Երեք ընկեր», «Տաքսի, էլի լավա» և այլ ֆիլմերում: