26/12/2016 13:54
Մշակույթի նախարարությունն ու հեռուստատեսությունը նոր նախագիծ կներկայացնեն
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր տեղի ունեցած 2016 թվականն ամփոփող ասուլիսի ընթացքում անդրադարձավ մշակույթն ընդգրկող բոլոր ոլորտներին՝ ներկայացնելով և՛ կատարված, և՛ կատարվելիք աշխատանքները:
Անդրադառնալով գրահրատարակչության ոլորտին՝ նախարարը նշեց.
«Եթե նախկինում ժամանակակից գրողներին, հրատարակիչներին աջակցում էինք՝ վճարելով հրատարակվող գրքի արժեքի 50 տոկոսը, այսօր փոխել ենք խաղի կանոնները: Նրանց առաջարկում ենք արդեն իսկ հրատարակված գիրքը գնել և այն ոչ թե նախկինի պես վաճառել շուկայում, այլ բաժանել գրադարաններին, դպրոցներին, սփյուռքում գործող կառույցներին»:
Ժամանակակից գրողներին աջակցելու մեկ այլ տարբերակ ևս կա. տարեսկզբին կմեկնարկի հեռուստատեսային մի հաղորդում, որին կմասնակցեն 5 հրատարակիչներ, 30 մտավորականներ և 15 գրող՝ մեկական ստեղծագործությամբ:
«Հանրության աչքի առջև բաց քվեարկության արդյունքում հրատարակիչները կընտրեն իրենց կողմից հրատարակվող ընդամենը 5 ստեղծագործություն, ևս 5 ստեղծագոծություն կընտրեն մտավորականները: Այս ստեղծագործությունները կհրատարակի պետության աջակցության ծրագրով: Այժմ բանակցություններ են գնում, թե որ հեռուստատեսության հետ կիրականացնենք այս նախագիծը: Առավելությունն այն է, որ գիրքը դեռ չհրատարակված՝ հայտնվում է ընթերցողի ուշադրության կենտրոնում ու դառնում սպասված», -ընդգծեց նախարարը:
Առաջիկայում մասնավորի հետ համագործակցելով՝ նախարարությունը կստեղծի նոր գրախանութներ և գրադարաններ, որոնք կդառնան ընտանեկան հանգստի կենտրոն:
«Այս կենտրոնում կլինի սրճարան, կվաճառվեն և՛ շոկոլադներ, և՛ գրենական պիտույքներ ու խաղալիքներ, բայց դոմինանտը մնալու է գիրքը: Օգտագործելու ենք հնարավոր բոլոր գրավիչ պայմանները, որպեսզի գիրքը, ընթերցանությունը մնան կենտրոնում: Արդեն իսկ բանակցություններ կան մասնավոր ընկերությունների հետ: Կան նաև ներդրումային ծրագրեր, որոնց մասին կհայտարարենք 2017 թվականի սկզբում», - հավելեց Արմեն Ամիրյանը: