27/12/2016 14:03
Cartoon Non-Stop. երեխաների ցանկությամբ՝ երեխաների համար
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդիսատեսի խնդրանքով Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 26-ին, ներկայացրել է Cartoon Non-Stop համերգային ծրագիրը։
Նկատենք, որ Երիտասարդական նվագախումբը դեկտեմբերի 19-ին Ստաս Նամինի Centuria S-Quark սիմֆոնիայի ներկայացմամբ պետք է եզրափակեր 2016թ. համերգները, սակայն հաշվի առնելով երեխաների բազմաթիվ նամակները՝ որոշում է կայացվել ներկայացնել սիրված նախագիծը։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծել է, որ նախագիծը շատ սիրված է հանդիսատեսի կողմից։
«Միայն այն փաստը, որ նվագախմբի հասցեով ստացվել է ավելի քան 500 նամակ, խոսում է նախագծի հաջողված լինելու մասին։ Եվ մենք որոշեցինք ամփոփել տարին՝ մեր մանուկների համար կազմակերպելով երաժշտական այսպիսի տոն։ Մենք դասական երաժշտության ներքո երեխաներին փոխանցում ենք այն աշխարհը, որը նրանք սիրում են, որը նրանց հոգեհարազատ է»,- ասել է Սերգեյ Սմբատյանը՝ ավելացնելով, որ առաջին անգամ համերգի օր է որոշվել ոչ թե նվագախմբի, այլ երեխաների ցանկությամբ։
Ամբողջ երեկոյի ընթացքում հնչել են սիրված մուլտֆիլմերի մեղեդիները։ Երիտասարդական նվագախմբի կատարումներն ուղեկցվում էին մեծ էկրանի վրա մուլտֆիլմերից հատվածների ցուցադրմամբ։ Երաժշտությանն ու կադրերին էլ ավելի խորհրդավորություն էին հաղորդում լուսային էֆեկտները։
Ի դեպ, անակնկալները սկսվել էին մինչև համերգը։ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահում հանդիսատեսին դիմավորում էին հեքիաթների հերոսները, Ձմեռ պապն ու Ձյունանուշը, որոնք ժամանցային միջոցառումներ էին անցկացնում երեխաների համար։