27/12/2016 11:55
Չնայած ապրիլյան պատերազմին, հաջողվել է տարին փակել ավելի քան 9% իրական տնտեսական աճով. Հարցազրույց ԼՂՀ վարչապետի հետ
Եթե չլիներ ապրիլյան պատերազմը՝ Արցախի Հանրապետությունում տնտեսական աճն անհամեմատ մեծ կլիներ: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ամփոփել է 2016 թվականը և խոսել 2017-ի ծրագրերից:
- Պարոն Հարությունյան, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներն ի՞նչ չափով են վերացվել և բնակչության սոցիալ-տնտեսական դրության բարելավման գործում իրականացվող աշխատանքներն ի՞նչ ընթացքում են:
- Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները լիովին վերացնելու համար, բացի միջոցներից, անշուշտ, նաև ժամանակ է պետք: Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ այն համայնքներում, որտեղից ստիպված ենք եղել մարդկանց ժամանակավորապես տարհանել, ռազմական գործողությունների հետևանքները, պետական և բարեգործական միջոցներով, հիմնականում վերացված են: Սակայն այս համատեքստում չենք կարող չառանձնացնել Թալիշի խնդիրը, քանի որ, ինչպես գիտեք, գյուղը լուրջ վնասներ է կրել հակառակորդի հրետակոծությունից և վայրագություններից, բնակչությունն առ այսօր ապրում է համայնքից դուրս: Այժմ խնդիր է դրված գյուղը կրկին վերականգնել, և, կարծում եմ՝ Թալիշի վերականգնմանը զուգահեռ մենք կավարտենք ապրիլին հակառակորդի ագրեսիվ գործողությունների հետևանքների վերացման գործընթացը: Այդուհանդերձ, մեզ զգալի միջոցներ են պետք նաև սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական հետագա զարգացման և քաղպաշտպանության համակարգի բարելավման համար:
- Որքա՞ն է կազմել վնասի ծավալը դրամային արտահայտությամբ:
- Դժվար է կոնկրետ թիվ ասել, քանի որ, ինչպես արդեն նշեցի, ծրագիրը դեռ չենք ավարտել: Ընդամենը կարող եմ նշել, որ ուղղակի վնասները կազմում են մի քանի միլիարդ դրամ՝ ներառելով ենթակառուցվածքներ, տնտեսական նշանակության օբյեկտներ, տներ և քաղաքացիների մասնավոր գույք: Անուղղակի վնասներն էլ ավելի շատ են, որոնք արտացոլվել են թե՛ բնակչության և թե՛ պետբյուջեի եկամուտների նվազման տեսքով: Մենք տարվա ընթացքում ստիպված ենք եղել անգամ վերանայել պետական բյուջեն, սակայն, բարեբախտաբար, տնտեսական զարգացման հիմնական մակրոցուցանիշները կարողացել ենք ապահովել: Մասնավորապես, տարին փակում ենք նախնական շուրջ 9 տոկոս իրական տնտեսական աճով՝ շնորհիվ կոնկրետ ոլորտներում գրանցված բարձր արդյունքների: Իհարկե, եթե չլիներ պատերազմը, աճն անհամեմատ մեծ կլիներ, բայց թե որքան, հնարավոր չէ ճշգրիտ չափել:
- Ինչպե՞ս է օգտագործվել և օգտագործվում ապրիլյան պատերազմի օրերին կառավարության հատուկ հաշվեհամարին հավաքագրված գումարը:
- Բազմաթիվ առիթներ եմ ունեցել այդ հարցի մասին խոսելու, անգամ կառավարության կողմից եղել են բաց և փակ հաշվետվություններ: Այսինքն, այդ հարցը, կարծես թե, բավարար չափով լուսաբանվել է հասարակության համար: Մենք, խորհրդակցելով ԼՂՀ Պաշտպանության նախարարության հետ, կառավարության հատուկ հաշվեհամարի միջոցով հավաքագրված գումարն ուղղել և այսօր էլ շարունակում ենք ուղղել առաջնագծի տեխնիկական վերազինմանը, ինժեներական աշխատանքների իրականացմանը և բանակի այլ կարիքներին: Անցած ամիսների ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել, և իրականում ավելի շատ միջոցներ են ծախսվել, քան նվիրատուների կողմից հավաքագրված ավելի քան 5,4 մլրդ դրամը: Ցավոք, պետք է փաստել, որ չնայած մեր հնարավորինս թափանցիկ և հաշվետվողական գործունեությանը, որը, ի դեպ, բազմիցս բարձր է գնահատվել նաև հասարակական-քաղաքական հանրահայտ գործիչների կողմից, վերջին ամիսներին նվիրատվությունները զգալիորեն նվազել են: Բոլորը պետք է հասկանան, որ մենք դադարի ժամանակ չունենք, և եթե ցանկանում ենք մեր հայրենիքի ու ժողովրդի համար ապահովել հարատև խաղաղություն, պետք է արդի չափանիշներին համապատասխան պաշտպանական համակարգ ձևավորենք, ինչի համար խոշոր միջոցներ են հարկավոր: Խնդրի այլ լուծում ես չեմ տեսնում, հատկապես երբ ապրում ենք Ադրբեջանի պես անկանխատեսելի հարևանի կողքին:
- Հաշվի առնելով ներքին և արտաքին ռիսկերը, ի՞նչ ծրագրեր են իրականացվելու 2017 թվականին տնտեսական աճ ապահովելու համար:
- Նախ ասեմ, որ Արցախում հատկապես արտաքին ռիսկերի պակաս չի եղել անկախության ողջ շրջանում, բայց դա էականորեն չի խանգարել տնտեսությանը զարգանալ: Օրինակ, վերջին համարյա տասը տարիների ընթացքում մենք ունեցել ենք տարեկան միջինը 8-10 տոկոս տնտեսական աճ: Ինչպես արդեն նշեցի, չնայած ապրիլյան պատերազմին, մեզ հաջողվել է տարին փակել ավելի քան 9 տոկոս իրական տնտեսական աճով: Մոտավորապես նույն ցուցանիշը պլանավորել ենք նաև հաջորդ տարվա համար: Վերջին տարիների ընթացքում մեզ հաջողվել է դիվերսիֆիկացված տնտեսություն ստեղծել. զարգանում է հանքարդյունաբերությունը, հիդրոէներգետիկան, գյուղատնտեսությունը, վերամշակող և թեթև արդյունաբերությունները, զարկ է տրվում շինարարությանը, և, արդյունքում, արդիականացվում են ենթակառուցվածքները:
Մի խոսքով՝ Արցախում տեսանելի կերպով տարեցտարի փոխվում է կյանքի որակը: 2017թ.-ի պետական բյուջեն կազմելիս մենք չենք շեղվել մեր հիմնական ռազմավարությունից և շարունակելու ենք տնտեսության զարգացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով արդեն կուտակած փորձն ու գերակա ուղղություններում արձանագրած հաջողությունները: Մեր հիմնական նոր ծրագրերն իրականացվելու են գյուղատնտեսությունում և հիդրոէներգետիկայում, որոնք, գործող այլ ծրագրերի հետ միասին, ապահովելու են տնտեսական աճի նախատեսված տեմպերը: Ռիսկերին հակակշռող գրավչություն ապահովելու համար մենք ստեղծել ենք հնարավորինս բարենպաստ ներդրումային միջավայր, որպեսզի հատկապես օտարերկրյա ներդրողները գոնե ներքին ռիսկերի առջև չկանգնեն և կարողանան շահավետ բիզնես ծրագրեր իրագործել Արցախում:
- Ի՞նչ ցուցանիշներով է կազմվել 2017 թ.-ի բյուջեի նախագիծը:
- Գլխավոր պլանավորվող ցուցանիշը ՀՆԱ-ի ավելի քան 8 տոկոս աճն է, որը կարող է նույնիսկ համեստ հաշվարկ լինել, եթե առկա դրական միտումները պահպանվեն գլոբալ և տարածաշրջանային միջավայրերում: Որպես դրա արդյունք, գրեթե 7 տոկոսով ավելացրել ենք պետբյուջեի ծախսային մասը՝ հասցնելով շուրջ 94,5 մլրդ դրամի: