27/12/2016 15:59
Դերասաններն այցելել են ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքներ
Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 24-ին, դերասանները Ձմեռ պապի, Ձյունանուշի և հեքիաթային հերոսների հետ միասին այցելեցին 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի ընտանիքներին: Նախաձեռնողը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանն էր:
«Հուլիսյան իրադարձություններից հետո ինձ՝ որպես ՀՀ քաղաքացու, հանգիստ չէր տալիս սպանված ոստիկանների ընտանիքների հանդեպ պարտքի զգացումը: Տարբեր միջոցներ էի փնտրում՝ ինչ-որ ձևով նրանց աջակցելու: Եվ ահա եկավ իսկական պահը. ինձ համար այս աշխարհում չկա առավել կարևոր բան, քան երեխաները և նրանց աչուկներում վառվող կրակները», - Aysor.am-ի հետ զրույցում խոստովանեց դերասանուհին:
Ա. Մութաֆյանի Facebook-յան առաջարկ-գրառմանն առաջինը արձագանքեցին գործընկերները՝ դերասաններ Նարեկ Հայկազյանը, Նաիրա Մովսիսյանը, Արմեն Դալլաքյանը, Մաշա Ուզունյանը, Հրաչյա Միհրանյանը…
«Այս քայլը պետք չէ համարել բարեգործական կամ PR ակցիա, սա ընդամենը հայ մարդու շնորհակալութունն ու երախտագիտությունն է հայ ոստիկանին: Սա կկրի շարունակական բնույթ, մենք այդ ընտանիքների հետ կնքեցին բարեկամության պայմանագիր: Այսուհետ ոչ մի տոն նրանք առանց մեզ չեն անցկացնելու, մենք նրանց կողքին ենք և ոչ միայն նրանց, այլ նաև մյուս բոլոր ոստիկանների, ովքեր չխնայելով իրենց կյանքն, ապահովում են մեր անդորրը: Իմ և գործընկերներիս անունից շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Ոստիկանությանը՝ նման անձնազոհ ծառայողներ ունենալու համար», - եզրափակեց մեր զրուցակիցը: