28/12/2016 17:53
Արցախի քաղաքական օրակարգում որևէ պարտվողական տրամադրություն չկա. ԼՂՀ արտգործնախարար
Արցախի քաղաքական օրակարգում որևէ պարտվողական տրամադրություն չկա, «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Ստեփանակերտում տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին այսօր հայտարարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:
«Չկա պարտվողականություն և որևէ տարածք հանձնելու մտադրություն. ընդհակառակը, կա միայն ավելի զարգանալու, առաջ գնալու և, որ ամենակարևորն է, հզոր և ամուր երկիր ունենալու ցանկություն»,- ասել է Կարեն Միրզոյանը:
Նա նշել է նաև, որ Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախ այցելող հատկապես հայտնի մարդկանց` նրանց ներառելով «սև ցուցակ»-ի մեջ:
«Մենք դա ընկալում ենք որպես խիստ դատապարտելի քայլ: Այն մտահոգիչ է ոչ միայն մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, տեղաշարժի իրավունքի խախտման տեսանկյունից, այլև այն պատճառով, որ Ադրբեջանի իշխանությունը վաղուց այդ երկիրը վերածել է յուրօրինակ զնդանի» ,- ընդգծել է ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը: