28/12/2016 19:37
Կա մի բան, որ շա՜տ եմ սիրում. Ռուբեն Սասունցին՝ ամանորյա տրամադրության մասին
2016-ը կամաց-կամաց պատմության գիրկն է անցնում: Անցնող տարվա հետ մեկտեղ յուրաքանչյուրս փորձում է հաշվետվություն ներկայացնել ինքն իրեն, գնահատել ձեռքբերումներն ու մտածել հաջորդ տարի վրիպակները շտկելու մասին: Իհարկե, այս ամենի հետ մեկտեղ պահպանում ենք տոնական տրամադրությունն ու պատրաստվում Ամանորին:
Երգիչ Ռուբեն Սասունցին կարևորում է այն խոսքը, որ տարին ինչպես դիմավորես, այդպես էլ կանցնի:
«Ինչպես ամեն տարին, այս տարին ևս պատրաստվում եմ ուրախությամբ ճանապարհել: Միշտ աշխատել եմ տոնն անցկացնել բարձր տրամադրությամբ: Շատ կարևոր է լավատեսությունը: Տոնական օրս անցկացնելու եմ և՛ ընտանիքիս հետ, և՛ աշխատավայրում: Ամանորյա գիշերն ինձ համար աշխատանքային է լինելու»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց նա:
Երգիչն ընդգծեց՝ 2016-ն իր համար բուռն տարի էր, հագեցած էր գործնական ու անձնական հաջողություններով, թեև, քիչ չէին նաև դժվարությունները.
«Գրեթե անընդհատ համերգային շրջագայությունների մեջ էի, եղա Ամերիկայում, Ավստրալիայում, Ռուսաստանի մի շարք քաղաքներում: Երգեր ձայնագրեցի, որոնք տեղ կգտնեն 2017 թվականին թողարկվելիք ձայնասկավառակիս մեջ»:
Հարցին` որքանո՞վ է կարևորում ամանորյա սեղանի բաղադրությունը՝ ժպիտով խոստովանեց.
«Անկեղծ ասած՝ սեղանին առանձնակի ուշադրություն չեմ դարձնում: Բայց կա մի բան, որ շա՜տ եմ սիրում. սեղանին անպայման պետք է լինեն գեղեցիկ, վառվող մոմեր»:
Նվերների առումով ժլատ չէ ու սիրով է անակնկալ մատուցում, սակայն, կարևորում է նվերի ոչ թե գինն ու չափսը, այլ նրանում դրված հոգին ու սերը:
«Ամեն տարվա պես այս տարի էլ նվերներ եմ պատրաստել ընտանիքիս անդամների, սիրելի ու մտերիմ մարդկանց համար: Նրանց հաճելի պահեր ու զգացողություններ պատճառելն ինձ համար արդեն հաճելի պարտականություն է դարձել: Ինչ վերաբերում է ինձ մատուցվող նվերներին, ապա կարևոր չէ, թե ինչ է փաթեթի մեջ, կարևորն այն է, որ այն քեզ փոխանցեն սրտանց, և ոչ պարտադրված»,- նկատեց երգիչը:
Անդրադառնալով 2017 թվականի ակնկալիքներին՝ մեր զրուցակիցը փոքր-ինչ բացեց գործնական գաղտնիքները:
«Հաջորդ տարվա համար բուռն աշխատանքային գրաֆիկ ունեմ: Նոր ձայնասկավառակ եմ թողարկելու, որում ընդգրկված կլինեն հին ազգային, հայրենասիրական կատարումներ, որոնք մեզ ուղեկցել են մանուկ հասակից: Ես դրանք սեփական մեկնաբանությամբ կհանձնեմ ունկնդիրներին: Անպայման կունենամ նաև նոր տեսահոլովակ: Արտասահմանյան համերգային ծրագրերս էլ շարունակական են լինելու»,- խոստացավ նա:
Մեզ հետ զրույցը Ռուբեն Սասունցին եզրափակեց մաղթանքներով, որոնք առաջին հերթին ուղղված են հայրենիքի պաշտպանին.
«Ուզում եմ, որ 2017-ն առաջնահերթ խաղաղության և առողջության, ուրախության ու բարեկեցության տարի լինի: Մեր զինվորներն առողջ լինեն, ուժ ու եռանդով, միշտ զգոն ու պաշտպանված: Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը»: