29/12/2016 12:26
Պաշտպանության նախարարությունը հրապարակել է զոհված զինծառայողների անունները
Սույն թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը», - ասված է հաղորդագրությունում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: