29/12/2016 22:26
Վիգեն Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում ներկայացրել է իրավիճակը Տավուշի մարզում և առաջնագծում. Շարմազանով
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հանրապետական կուսակցության ԳՄ նիստում ներկայացրել է իրավիճակը ՀՀ Տավուշի մարզում և առաջնագծում։
«Այսօրվա գործողությունները ապացուցում են, որ Ադրբեջանը շարունակում է մի քաղաքականություն, որը միտված է ապակառուցողականությանը և մարտահրավեր է տարածաշրջանի խաղաղությանը։ Մենք դատապարտում ենք սա և կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է խստագույնս դատապարտի Ադրբեջանի ղեկավարության այդ գործողությունը», - ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, այսօրվա իրականացված դիվերսիոն, ահաբեկչական գործողությունների ողջ պատասխանատվությունը ամբողջությամբ կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
«ՀԱՊԿ հայտարարությունը դրական էր այն առումով, որ Նիկոլայ Բորդյուժան հստակ նշում է, որ Ադրբեջանի գործողությունը սադրանք է։ Եվ արդեն օպերատիվ հայտարարությունը դրական է։ Խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, նա օգտագործել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը։ Չեմ կարծում, որ դա վրիպակ է։ Դա դիվանագիտական շատ խիստ բառապաշարով հայտարարություն էր և պատժիչ քարտ էր Ադրբեջանի նկատմամբ՝ դեղին, թե կարմիր՝ ցույց կտա ժամանակը», - նշեց Է. Շարմազանովը։
Նա նաև ասաց, որ ակնկալում է ԵԱՀԿ ՄԽ շատ խիստ գնահատականը, որովհետև Ադրբեջանը այդպես է պատասխանում Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածություններին։
ՀՀԿ խոսնակը նշեց նաև, որ ապացույցը, որ Ադրբեջանն է նախահարձակ գործողություններ իրականացրել, ադրբեջանցի մեկ դիվերսանտի մարմինն է հայկական տարածքում։
«Խնդրով զբաղվող մասնագիտացված կառույցից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալում ենք ավելի խիստ հայտարարություն, քան ՀԱՊԿ-ի հայտարարությունն է։ Ընդհանրական գնահատականները կամ լռությունը ավելի լկտի են դարձնում Ադրբեջանին։ Մեր Զինված ուժերը իրականացրել և իրականացնելու են իրենց վրա դրված պարտականությունները», - ընդգծեց Է.Շարմազանովը։