30/12/2016 14:21
Քաղաքագետ. Ադրբեջանը ոչ թե կարգավորման է ձգտում, այլ վերահսկվող էսկալացիայի՝ ներքին խնդրիների պատճառով
Ներկա դիվերսիոն հարձակումը ընդամենը ապրիլյան պատերազմի արձագանքն է և հետպատերազմյան շրջանի պայմանավորվածությունների անտեսման հետևանքը, Արտաքին հարաբերությունների ռուսական խորհրդի կայքում հրապարակված հոդվածում գրում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի հրավիրված դասախոս Հովհաննես Նիկողոսյանը:
Ըստ հեղինակի, քանի դեռ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները խախտվում են, Ադրբեջանը Վիեննայում համաձայնեցված միջոցառումներից հետ է կանգնում, իսկ միջնորդները հղում են անում իրենց մանդատին և դրանով արդարացնում կոնկրետ դիրքորոշման բացակայությունը, իրավիճակը այս հակամարտությունում շարունակելու է լարվել մինչեւ նոր պատերազմ՝ հատկապես հաշվի առնելով 2017-ից Ադրբեջանում նավթի եկամուտների նոր անկման ցիկլը:
«Իշխող վարչախումբը Բաքվում մինչ այժմ սեփական լեգիտիմությունը կառուցել է նավթի եկամուտների հաշվին՝ «արտաքին թշնամու» գործոնի օգտագործմանը զուգահեռ: Իսկ նոսրացող եկամուտների պատճառով «ղարաբաղյան գործոնը» ավելի ակտիվ է օգտագործվելու, քանի որ ոչ թե «կարգավորումը», այլ պատային իրավիճակը և վերահսկվող էսկալացիան է ադրբեջանական էլիտայի միակ փրկօղակը: Հաշվի առնելով ավելի լայն տարածաշրջանում կոնֆլիկտները, առաջատար պետությունները պետք է որ ռացիոնալ առումով շահագրգռված չլինեն նոր անկայունության օջախի առաջացմամբ», - գրում է հեղինակը:
Hovhanes Nikoghosyan (@hnikogh): An Echo of the Little War in #NagornoKarabakh https://t.co/HJXuK8kTrI #Armenia #Azerbaijan
— Russian Council (@Russian_Council) December 30, 2016
Քաղաքագետի կարծիքով, «նոր պատերազմի արհավիրքից խուսափելու հնարավոր սցենարներից մեկը Հայաստանի համար կարող է դիտվել միակողմանի կերպով պատահարների գրանցման և միջազգային որևէ մարմնի հովանու ներքո հետաքննության մեխանիզմի ներդնումը, քանի որ Ադրբեջանը դժվար թե գնա այդ քայլին քանի դեռ էսկալացիան դուրս չի եկել նրա վերահսկողությունից»: